Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացրել են թուրք-ադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի, «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ինչպես նաև բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է բարձրաձայնել սեպտեմբերի 27-ից ի վեր սանձազերծվող ռազմական ագրեսիայի մասին։
Նախարարի տեղակալը կոչ է արել բուհերին և գիտական կազմակերպություններին իրենց միջազգային գործընկերների հետ իրականացնել հետևողական և հասցեական աշխատանք: Նա հորդորել է համապարփակ տեղեկատվություն տրամադրել հակառակորդի կողմից կրթամշակութային հաստատությունների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ ցույց տալով թուրք-ադրբեջանաահաբեկչական կոալիցիայի ցեղասպան գործելաոճն ու նպատակները։ Հանդիպմանը ներկա գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։ Գիտությունների ազգային ակադեմիան 82 երկրի ակադեմիաների և ՀՀ ԳԱԱ 130 արտասահմանյան անդամի նամակներ է ուղարկել՝ գիտական հանրությանը կոչ անելով անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմը, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան մեծաթիվ վիրավորներ և զոհեր։
Ներկաներն արձանագրել են նաև, որ արդեն համապատասխան նամակներ են ուղղվել նաև միջազգային տարբեր գիտական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ Պատմաբանների միջազգային ասոցիացիային, Եվրոպական համալսարանների ասոցիացիային, Սևծովյան համալսարանների ցանցին, Եվրասիական բուհերի ասոցիացիային, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը և այլն:
Նախարարի տեղակալ Մարտիրոսյանը խոսել է առաջիկայում միջազգային գիտաժողովների անցկացման կարևորության մասին: Հանդիպման մասնակիցների կարծիքով, գործընկերներին պետք է ներկայացվի, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան զսպելու, տարածաշրջանում հումանիտար աղետը կանխարգելելու և երկարատև խաղաղության հիմքեր ստեղծելու լավագույն միջոցը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև աշխարհի տարբեր բուհերում գործող հայագիտական կենտրոնների հետ այս շրջանակներում ջանքերի համադրման անհրաժեշտությունը։