Գինցբուրգը պատմել է կանանց և տղամարդկան մոտ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ռեակցիայի մասին

Կանանց եւ տղամարդկան մոտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ռեակցիաները դրսեւորվում են միանման, բայց վիճակագրական առումով հավաստի տեղեկությունը կստացվի միայն հետգրանցումային փորձարկումների ավարտից հետո:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Ես չեմ նկատել. կարող է պատահել, երբ 40 հազար հոգի պատվաստում ստանա, ապա վիճակագրական առումով հավաստի տարբերություն հայտնաբերվի, բայց առայժմ չի հաջողվել այդպիսի տարբերություն նշել»,-ասել է Գինցբուրգը՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք կանանց եւ տղամարդկան մոտ պատվաստանյութի ռեակցիաների տարբերություն:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 7-ից Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները, իսկ սեպտեմբերի 9-ից պատվաստում են ստացել առաջին մասնակիցները: Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը պլացեբո կստանա: Դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս