«Հայ ժողովուրդը պետք է միայն ուրախ լինի, որ Ալիևի համար Փաշինյանը հարմար բանակցող չէ». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի՝ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցին և արտահայտած այն մտքին, որ բանակցությունները դադարել են այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ նախորդ իշխանությունների հետ, ըստ Ալիևի, առաջընթաց էին գրանցել։
«Սա նշանակում է, որ նախորդ իշխանությունները չեն բացառել տարածքների վերադարձը, և դա շատ հարմար է եղել Իլհամ Ալիևին, դրա մասին բազմիցս խոսվել է, դրա մասին նույնիսկ իր հարցազրույցում խոսել է Սերժ Սարգսյանը։ Կարծում եմ՝ հայ ժողովուրդը պետք է միայն ուրախ լինի, որ Ալիևի համար Փաշինյանը հարմար բանակցող չէ, քանի որ Փաշինյանը ներկայացնելու է հայ ժողովրդի շահերը և հայ ժողովրդի հարմարավետությունը»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այցին Մոսկվա, Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է արձանագրել, որ նախ՝ սա հումանիտար առաջարկ է, որը եղել է Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչը շատ կարևոր է։ Երկրորդ՝ հայկական կողմն այսօր գտնվում է պատերազմի մեջ թուրք-ադրբեջանական զինված ուժերի և քաղաքական ուժերի դեմ։
«Մշտապես պետք է սպասենք, հույս ունենանք, որ լավագույն տարբերակով արդյունք կունենանք, և դրա համար արվում է ամեն ինչ օր ու գիշեր։ Կարող եմ ասել, որ Կառավարության և կուսակցության մեր աշխատանքը ժամ ու պատարագ չունի, և արդեն քանի օր է՝ մենք ապահովում ենք ռազմաճակատի դիվանագիտական մասը։ Տեսնելով արձագանքը համաշխարհային մամուլի և քաղաքական գործիչների, կարող եմ ասել, որ այդ մասում մենք միանշանակ հաջողել ենք, և աշխարհը նույնիսկ կանգնած է այն բանի եզրին, որ որոշ երկրներ չեն թաքցնում իրենց համակրանքն ու վերաբերմունքը։ Այսօր մենք ունենք գերազանց հարաբերություններ նաև երկրների ղեկավարների մակարդակով, ինչն ակնհայտ ու շոշափելի է»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ դեռ վաղ է խոսել, թե որ կետում պետք է վերադառնալ բանակցային փուլին, սակայն որևէ միակողմանի զիջում, տարածքներ, որի մասին խոսվել է նախկին իշխանությունների կողմից, այդ ֆորմատներն այս պահին չեն քննարկվում և չեն էլ կարող քննարկվել։
«Պետք է գիտակցել, որ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը միայնակ պայքարել է համաշխարհային ահաբեկիչների դեմ, փառք մեր զինվորներին, ժողովրդին, որը կարողանում է դիմակայել ու դիմակայում է մինչև վերջ»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին պաշտոնից հեռացնելուն և խոսակցություններին, որ այդ ամենն արվել է Ռուսաստանի պահանջով, Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ ՀՀ-ում իշխանությունն ինքն է որոշում իր բարձրաստիճան պաշտոնյանների ընտրության հարցը, և դա մենք բազմիցս ապացուցել ենք։
«Մեր գործընկերների հետ կապված որևէ խնդիր չկա, բոլոր լուրերը սուտ են, ստոր սուտ»,- ասաց նա։