Տուժած շենքերի վնասների գնահատման հանձնաժողով կստեղծվի. Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքով տարածքային եւ պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ պետական եւ բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:
Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:
Հանդիպման ընթացքում նախագահի կողմից շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին տրվել են նաեւ համապատասխան մի շարք հանձնարարականներ: