«Խաղաղապահները կլինեն ռուսակա՞ն, թե՞ ռուս-թուրքական, խաղաղապահների տեղակայման խնդիրն ավելի բարդ է, քան հիմնախնդրի լուծումը». Սուրեն Սարգսյան

Ադրբեջանն Արցախի դեմ սկսած այս պատերազմը պլանավորել էր շատ վաղուց՝ դրանում ունենալով Թուրքիայի աջակցությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի սահմանին սկսեց ռազմական հարձակողական գործողություններ՝ նախապես Թուրքիայից ստանալով խոստում, որ, եթե դրա համար միջազգային հանրությունն Ադրբեջանին ճնշի, ապա Թուրքիան այդ ճնշումների մի մասը կվերցնի իր վրա։ Այս ամենով հանդերձ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը տապալեց իր պլանը՝ բլից-կրիգը, և հիմա գնում է ուժերը մաշող պատերազմի ճանապարհով։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ ռազմական գործողություններ սկսելու դրդապատճառներին։

Սարգսյանը վստահեցնում է՝այս հարցում պետք չէ որևէ լուրջ ակնկալիք ունենալ այս օրերին իրենց ակտիվ պահվածքով աչքի ընկնող միջազգային հանրությունից, քանի որ այդ հանրության ցանկացած ներկայացուցիչ գործելու է այնպես, ինչպես կպահանջի իր շահը, հետևապես՝ այս պատերազմի ելքը որոշողը լինելու է հայկական բանակը։

«Իհա՛րկե, կան պետություններ, որոնք հստակ ասում են, որ երրորդ կողմը չպետք է խառնվի այս պատերազմական գործողություններին, կան պետություններ էլ, որոնք հակաթուրքական դիրքորոշում ունեն՝ Հունաստան, Կիպրոս և այլն, կան նաև այնպիսիք, որոնք թեև կցանկանային պատժամիջոցներ կիրառել, սակայն չեն կարող։ Օրինակ՝այդպիսիք են ԵՄ անդամ երկրները, մասնավորապես, Գերմանիան, այնպես որ, միջազգային հանրությունից մեծ ակնկալիք պետք չէ ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ՝ միջազգային կազմակերպություններն էլ հանդիսանում են այդ նույն միջազգային հանրության հայելին, ուստի որևէ սպասելիք պետք չէ ունենալ նաև նման կազմակերպություններից ու կառույցներից, որովհետև հետագա բանակցությունների և, առհասարակ, ցանկացած գործողության հիմքը դնելու է հայկական բանակը։

«Հետագա բանակցությունների հիմքը դնում է բանակը. եթե կարողացավ առաջ գնալ և դա ամրագրել մարտի դաշտում, ապա բանակցությունները գնալու են դրա շուրջ»,- ասաց Սարգսյանը։

Խոսելով այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակի վերաբերյալ ընթացող քննարկման և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի այն հայտարարության մասին, ըստ որի՝ մարտական գործողությունները պետք է դադարեն, և կողմերը պետք է վերաներգրավվեն բանակցություններում առանց նախապայմանների ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, Սուրեն Սարգսյանն ընդգծեց.

«Սա շատ կարևոր ձևակերպում է. ո՞վ է քաշում նախապայման, բնականաբար, թուրք –ադրբեջանական կողմը, նրանք ասում են, որ կսկսեն բանակցությունները, եթե հայկական կողմերը զորքերը դուրս բերեն, հետևաբար՝ ակնհայտ է, որ այս ձևակերպումն ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին»։

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը՝ Սարգսյանը նկատեց, որ, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Ֆրանսիան, բավականին ակտիվ են իրենց հայտարարություններով, իսկ ահա ԱՄՆ-ը համանախագահողներից ամենապասիվն է։

«ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահող երկրներից ամենապասիվն է՝ պայմանավորված՝ ինչպես այդ երկրում ընթացող նախընտրական գործընթացով, այնպես էլ՝ Թրամփի կորոնավիրուսով վարակվելու հանգամանքով։ Բայց դրանք միակ պատճառները չեն. կան ավելի խորքայինները. Օրինակ, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները դեռևս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ չեն խոսել այս պատերազմի հարցով։ Սա նշանակում է, որ ավելի ցածր օղակներ են զբաղվում խնդրով։ ԱՄՆ-ի պասիվության պառճառներից մեկն էլ այն է, որ Հարավային Կովկասն այդ երկրի համար տասնամյակներ շարունակ առաջնահերթություն չի եղել»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ իսկ այնուամենայնիվ, չպե՞տք է ՀՀ-ն ԱՄՆ-ից փորձի պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է իր դաշնակից Թուրքիան F-16 կործանիչներն ուղղում Հայաստանի դեմ, ինչի մասին հստակ ասել էր վարչապետն ամերիկյան լրատվամիջոցին տված հարցազրույցում, Սուրեն Սարգսյանն արձագանքեց.

«ԱՄՆ-ում հասկանում են, որ Թուրքիան իրենց համար այսօր, թեև խնդրահարույց, բայց դաշնակից է, շատ լավ գիտեն, որ վաղն այդ խնդիրները հարթվելու են, և Թուրքիան դառնա նորմալ դաշնակից։ Գիտակցում են նաև, որ, եթե իրենք Թուրքիային նման կործանիչներ չվաճառեն, ապա դրանք ձեռք կբերի արդեն այլ երկրից, հետևաբար՝ դժվար թե պարզաբանումներ պահանջելու խնդիր կա»։

Սուրեն Սարգսյանն անդրադարձավ նաև խաղաղապահների տեղակայման խնդրին և նշեց, որ այս հարցը շատ բարդ է, քանի որ նախ պետք է հասկանալ տարածաշրջանային խաղացողների տրամադրվածությունն այդ հարցին։

«Բացի այդ, պետք է հասկանալ, թե նրանք գործելու են ՄԱԿ-ի՞, ԵԱՀԿ-ի՞, թե՞ ՀԱՊԿ-ի հովանու ներքո. պետք է հասկանալ նաև՝ այդ խաղաղապահները կլինեն ռուսակա՞ն, թե՞ ռուս-թուրքական, այնպես որ, խաղաղապահների հարցը շատ ավելի բարդ է, քան խնդրի լուծումը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս