Հակառակորդի հասցրած հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կան․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 4-ին կրկին հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ադրբեջանի զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հիշեցնենք, որ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԲ-ն:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Տեսանյութեր

Լրահոս