«Երբ Հայաստանում Թուրքիան դիրքերն աստիճանաբար զիջում է, փաստորեն նորից անցնում է մեկ այլ տարածքի». Թուրքագետը՝ Էրդողանի հայտարարության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ, եթե այն խոստումները, որոնք Անկարային տրվել էին Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ, չկատարվեն, ապա ինքը կզբաղվի այդ հարցի լուծմամբ։

«Երբ մենք ոչնչացրեցինք ահաբեկչական միջանցքը, որը փորձում էին կառուցել մեր սահմանների երկայնքով, մենք ցույց տվեցինք, որ մեր սիրիացի եղբայրները միայնակ չեն: Ահաբեկչական գոտիները, որոնք դեռևս գոյություն ունեն Սիրիայում, կա՛մ պետք է ազատվեն, ինչպես մեզ խոստացել էին, կա՛մ մենք կգանք ու դա կանենք ինքներս»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով ելույթ ունենալով Հաթայի նահանգում ջրամբարի բացմանը: Դրա հետ մեկտեղ՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար անընդունելի են այն բոլոր քայլերը, որոնք հումանիտար աղետի կհանգեցնեն Իդլիբում»։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը կարո՞ղ է որևէ առնչություն ունենալ Արցախում ծավալված ռազմական գործողությունների հետ։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանն անդրադառնալով այս հարցին և Էրդողանի  ընդհանուր հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի ղեկավարի բոլոր սպառնալից հայտարարությունները փոխկապակցված են միմյանց՝ Լիբիա, Հունաստան, Հայաստան, Սիրիա և այլն։

«Այս ամենը տեղավորվում է մեկ տրամաբանության մեջ։ Նրա հայտարարություններն առաջին հերթին ունեն ծավալապաշտական քաղաքականություն, այն է՝ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը։ Էրդողանը ցանկանում է նոր պետություն կառուցել՝ հին պետության հիմքի վրա։ Եթե դիտարկում ենք իրադարձությունները, ապա տեսնում ենք, որ Թուրքիան բոլոր տեղերում ու բոլորի հետ բախվում է, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ՝ թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում։ Այսինքն՝ պայքարը հիմնականում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Հիմա, երբ Հայաստանում Թուրքիան դիրքերն աստիճանաբար զիջում է, փաստորեն նորից անցնում է մեկ այլ տարածքի, նկատի ունեմ Սիրիան, որտեղ ուզում է իրեն ցուցադրել»,- ասաց թուրքագետը։

Տիրան Լոքմագոզյանը վստահ է, որ, եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը չունենա, ապա այդքան խրոխտ առաջ գնալու ցանկություն չի ունենա Հայաստանի դեմ սկսած ռազմական ագրեսիայի ընթացքում։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի դեմ թշնամու սկսած ագրեսիայից պարզ երևում է, որ հայկական երկու պետությունների դեմ կանգնած է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, որն էլ ամեն ինչ որոշում է և իր ենթակա Ադրբեջանին հրահրում։

«Պետք է հասկանանք, որ Թուրքիան Ադրբեջանին երբեք չի թողնի, որովհետև իր համար դա անհրաժեշտություն է, և այնպես չէ, որ այս ամենը Թուրքիան ադրբեջանցիների «գեղեցիկ աչքերի» համար է անում, դա իր սեփական շահի համար է  անում։ Թուրքիան բավականին ռեսուրս ունի և կօգնի Ադրբեջանին»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ մինչև օրս Թուրքիայի ագրեսիան, քաղաքականությունը որևէ մեկը չի զսպում կամ չեն ցանկանում զսպել, գուցե նրա գործողություններն այս պահին որոշ գերտերությունների շահերի հետ համընկնում են։

«Եթե Թուրքիան Ռուսաստանի հետ խնդիրներ է ունենում, ապա դա համընկնում է  Միացյալ Նահանգների և Եվրոպայի շահերի հետ, և՝ հակառակը, այսինքն՝ այնպես չէ, որ բոլորը հավաքվում են ու միահամուռ Թուրքիայի դեմ կարող են ինչ-որ քայլեր անել։ Սովորաբար հակաթուրքական պայքարի մեջ մի մասը միշտ պակասում է, և երևում է, որ որևէ մեկը չի ուզում շատ մոտենալ Թուրքիային, ինչն էլ Էրդողանին ստիպում է, որ իրեն խենթի տեղ դնելով՝ վանքի հավերն ուտի»,- եզրափակեց թուրքագետը։

Տեսանյութեր

Լրահոս