«Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր». Արցախի ՄԻՊ
«Բոլորին հայտնի է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական Զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Արցախի Հանրապետության դեմ և ամբողջ առաջնագծի երկայնքով հարձակվել են և առաջնագծի դիրքերի ռազմական օբյեկտների վրա, և նաև քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի վրա՝ առաջնագծին հարակից և ամբողջ խորությամբ գտնվող բնակավայրերի վրա, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով ԱՀ ՄԻՊ գրասենյակի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ:
«Ռազմական գործողություններն առ այսօր ակտիվորեն ընթանում են, և մեր փաստահավաք գործողության արդյունքներով՝ քաղաքացիական բնակչությունը լայնորեն ու մասշտաբային կերպով թիրախ է դառնում ու դարձել այս օրերի ընթացքում ադրբեջանական Զինված ուժերի կողմից: Այսօրվա դրությամբ՝ Մարտունու դեպքը ներառյալ, քաղաքացիական 11 զոհ կա և 60-ից ավելի վիրավոր, որից 42-ը մեր արձանագրմամբ լրջորեն վիրավորված անձինք են: Սպանվածների հետ կապված՝ նշեմ, որ առաջին 4 դեպքը եղել է սեպտեմբերի 27-ին, Մարտունի քաղաքում 2 դեպք՝ մանկահասակ երեխա և տարեց կին, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում 1 դեպք՝ 79-ամյա տարեց կին, 1 դեպք Մարտակերտի շրջանում՝ երիտասարդ տղա: Երեկ Մարտակերտում տեղի ունեցավ ռմբակոծություն, ինչի հետևանքով 3 հոգի սպանվեցին՝ ընտանիքի անդամներ՝ 2 կին և 1 տղամարդ: Այսօր Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ թիրախային, նպատակային հրետակոծություն, ինչի հետևանքով 4 հոգի սպանվել են, 11 հոգի վիրավորվել են, ներառյալ՝ լրագրողներ»,- ասաց Բեգլարյանը:
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ հատուկ թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: Նա օրինակ բերեց սեպտեմբերի 27-ին Հադրութ քաղաքում տեղի ունեցած դեպքը.
«Այդ օրը, երբ իր բնակարանում սպանվել է տարեց կինը, սպանվել է ինքնասպան անօդաչու թռչող սարքի հարվածից, ինչո՞ւ եմ սա շեշտում, դրանից ենթադրվում է, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է: Եթե հրետանու պարագայում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն կա, ապա հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար՝ այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա: Ակնհայտ է, որ քաղաքացիական բնակչությունը նպատակային կերպով թիրախավորվում է ադրբեջանական Զինված ուժերի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»:
Բեգլարյանը ներկայացրեց նաև լուրջ վիրավորում ստացած քաղաքացիական բնակչության տվյալներ՝ ըստ քաղաքների, վերահաստատելով, որ Ադրբեջանն առաջնագծի ամբողջ երկայնքով՝ բնակավայրերի ամբողջ խորությամբ, թիրախավորում է և՛ ռազմական օբյեկտները, և՛ քաղաքացիական բնակչությանը:
«Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավորման դեպք է արձանագրվել, Մարտունիում՝ 5 դեպք, Մարտակերտում՝ 1 դեպք նաև հարակից գյուղերում, Հադրութում՝ 1 դեպք նաև հարակից գյուղերում: Հադրութ քաղաքն առաջնագծից գտնվում է 20 կիլոմետր հեռավորության վրա, Ստեփանակերտը՝ 30 կիլոմետր, և Բերձոր քաղաքը, որը, կարելի է ասել, ամենահեռու քաղաքն է՝ առաջնագծից 62 կիլոմետր հեռավորության վրա: Աշխարհագրությունից բացի, պետք է առանձնացնել՝ ըստ տարիքային խմբերի ինչ դեպքեր ունենք, երեկվա դրությամբ 31 դեպքով՝ մինչև 14 տարեկան երեխաները 3 հոգի են եղել, 15-50 տարեկան տարբեր դեպքեր, և կարևոր փաստ է, որ 50 տարեկանից բարձր անձինք 15 հոգի են, ինչը մոտ 50 տոկոսն էր երեկվա դրությամբ»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը:
Բեգլարյանը հատկապես կարևորեց, թե որտեղ են արձանագրվել վիրավորման դեպքերը.
«31 դեպքից 23-ն արձանագրվել է բնակության վայրում: Սա կարևոր հանգամանք է, որից ենթադրվում է, որ ադրբեջանական Զինված ուժերը նախազգուշական միջոցներ չեն կիրառել: Կարևոր դեպքերից մեկը՝ Մատաղիսում մեկ հղի կին վիրավորում է ստացել ավելի անվտանգ վայր տեղափոխվելու ճանապարհին, բարեբախտաբար, բժիշկների միջամտությամբ հնարավոր է եղել նրա և երեխայի կյանքը փրկել, երեխան ծնվել է: Կարևոր է արձանագրել նաև Մարտունի քաղաքի դեպքը՝ ամենակրտսեր վիրավորը՝ 2 տարեկան երեխա, ի դեպ, այս տղայի քույրը մահացել է՝ 9 տարեկան աղջիկ, նրանց մայրն էլ է վիրավորվել»:
Արցախի ՄԻՊ-ը կարևոր համարեց նշել նաև, որ փաստահավաք գործունեության ընթացքում արձանագրել են, որ Ադրբեջանն օգտագործել է զինատեսակներ, որոնք միջազգային իրավունքով արգելված է քաղաքացիական բնակչության և բնակելի վայրերում օգտագործել, այդ թվում՝ նաև Ստեփանակերտի վրա:
«Օգտագործել են «Սմերչ» հրթիռներ, որոշներն ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ վտանգ են ներկայացնում հետագայում էլ, քանի որ չպայթած հրթիռներ էլ կան: 1990-ականների պատերազմից հետո մեծ ծավալի աշխատանք է կատարվել Արցախը մաքրելու չպայթած նյութերից ու զինատեսակներից, թեև տարիների ընթացքում հարյուրավոր միջադեպեր են արձանագրվել, ներառյալ՝ կյանքեր են տուժել, ու իմ օրինակն էլ ես նշեմ, որ 1995 թվականին պատերազմից մնացած ականի պայթյունի հետևանքով՝ կորցրել եմ տեսողությունս, երբ 6 տարեկան եմ եղել: Իմ անձնական օրինակով շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում այդպիսի չպայթած զենքերը քաղաքացիական բնակչության համար, սա մարդասիրական աղետի կարող է հանգեցնել: Ես ունեմ ողջամիտ կասկած, որ ադրբեջանական Զինված ուժերը նաև նպատակային կերպով են քաղաքացիական բնակչությանն այս կարգի՝ մեծամասշտաբ թիրախավորել, որպեսզի դրա հետևանքները երկարաժամկետ զգանք մեր մաշկի վրա: Ես պահանջում եմ, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ իրավապաշտպան համայնքը, համապատասխան գնահատականը տան ու պատժամիջոցներ կիրառեն պատերազմական հանցագործություններ կատարած հանցագործների հանդեպ»: