«Միջազգային կազմակերպությունները պարտավոր են կոնկրետ քայլերով, ոչ թե՝ ձևական կոչերով, ամեն ինչ անել, որպեսզի կանխվի այս ծայրահեղ վտանգավոր երևույթը». Արման Թաթոյան
«Երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և շրջակա գյուղերում ես նախաձեռնել էի փաստահավաք աշխատանքներ, բայց այցի կեսից, մոտավորապես ժամը 18-ի սահմաններում Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով, ստիպված եղանք դադարեցնել ժամանակավորապես: Մեր պատվիրակությունը մի քանի հոգի էր, բայց մեզ հետ կային նաև քաղաքացիական բնակիչներ, ուղեկցողներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ դա ևս մեկ ապացույց էր՝ թիրախավորվում են քաղաքացիական բնակավայրերը:
«Ակնհայտ է, որ մեր այցը նպատակ էր հետապնդում փաստագրել զինված հարձակումների հետևանքները: Բնականաբար, սա կարող է լինել ոչ թե մարդու իրավունքների պաշտպանը, այլ ինչ-որ այլ փորձագետ, բայց ակնհայտ ենթադրելի է, որ այդտեղ խոսքը միայն քաղաքացիական անձանց մասին է, որովհետև շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ, չկա ռազմական տեխնիկա, և միայն մեր գյուղերն են: Ամեն դեպքում, մեր փաստահավաք աշխատանքները հասցրինք իրականացնել Վարդենիս քաղաքում, շրջակա Սոթք, Շատվան, Կութ և մի շարք այլ գյուղերում: Ցավոք, չհասցրինք մեկ-երկու գյուղում իրականացնել, բայց դրանք ավարտին կհասցնենք: Սեպտեմբերի 27-ից սկսած այդ գյուղերը եղել են զինված հարձակման ներքո, առավել ագրեսիվ հարձակումները եղել են սեպտեմբերի 28-29-ը և 29-30-ի գիշերվա ընթացքում: Այս փաստահավաք աշխատանքների արդյունքները ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցմամբ տրամադրելու եմ իրեն: Դրանք գրեթե պատրաստ են ամբողջական վերլուծությամբ»,- ընդգծեց պաշտպանը:
Արման Թաթոյանը նկատեց՝ կորոնավիրուսն աշխարհում համարվում է կարևորագույն գործոն՝ թույլ չտալու ցանկացած բախում, զինված բախում, ռազմական հանցագործություն և այլն:
«Ընդ որում՝ մեր այցերը ցույց են տվել, որ հրետակոծությունների ներքո են եղել գյուղերը՝ իրենց բնակելի տներով, նաև՝ Սոթք գյուղի դպրոցը, ընդ որում՝ մենք հայտնաբերեցինք, որ Սոթք գյուղի անմիջական հարևանությամբ գտնվող բնակելի տունը նույնպես վնասված էր, որովհետև արկն ընկել էր այդտեղ: Բարեբախտաբար այդ պահին երեխաներ դպրոցում չեն եղել, բայց վնասներն ակնհայտ էին: Այլ գյուղերում հայտնաբերել ենք արկեր, որոնք եղել են բնակելի տներից 20-50 մետր հեռավորության վրա: Սա նույնպես վկայում է քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու մտադրության մասին»,- ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաև Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայից Ադրբեջան վարձկանների տեղափոխմանը. «Մենք արձանագրեցինք, որ առկա է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 2019թ. սեպտեմբերի 26-ի հատուկ բանաձև, որն ուղիղ արգելում է ոչ միայն՝ այսպիսի գործողությունները, այլ դրանք բնույթով միանգամից համարում է հանցավոր: Ընդ որում՝ այդ բանաձևը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ վարձկաններն օգտագործվում են ազգերի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու, ինչպես նաև՝ մարդու իրավունքների խախտումների նպատակով: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևով՝ նման վարքագիծը համարվում է ուղիղ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանը և մարդու իրավունքներին: Մենք պարզեցինք, որ գոյություն ունի հատուկ աշխատանքային խումբ ՄԱԿ-ում, մենք այսօր ամփոփել ենք վարձկանների հետ կապված մեր աշխատանքների բոլոր արդյունքները, մեր գնահատականները, վերլուծությունները, ես դրանք այս ասուլիսից հետո անպայման ուղարկելու եմ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևով ստեղծված աշխատանքային խմբին, որը հենց միայն այդ հարցերին է նվիրված, և բարձրացնելու եմ՝ քննարկելու հարց: Դրանից բացի, մենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին և միջազգային այլ կառույցների ուղարկել ենք հատուկ մեր հաղորդումը: Ես այս հարցով զբաղվում եմ, որովհետև դա պարզապես կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով դաժանություններով և ավերածություններով: Հետևաբար՝ միջազգային կազմակերպությունները պարտավոր են կոնկրետ քայլերով, ոչ թե ձևական կոչերով, ընդհանրական գնահատականներով ամեն ինչ անել, որպեսզի կանխվի այս ծայրահեղ վտանգավոր երևույթը: Ցավոք, դեռ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններն այս խնդրին չեն անդրադարձել, դրան անդրադարձել են մի քանի պետություններ, ես ցավում եմ դրա համար»: