Հարավային Կորեան կհանի տարանցիկ ուղևորափոխադրումների արգելքը ռուսաստանցիների համար
Հարավային Կորեան հոկտեմբերի 1-ից կհանի երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Այդ մասին հաղորդել է Սեուլում ՌԴ-ի դեսպանությունը: Ռուսաստանը սեպտեմբերի 27-ից վերսկսել է օդային հաղորդակցությունը Հարավային Կորեայի հետ:
«Հոկտեմբերի 1-ից Կորեայի Հանրապետությունը հանում է երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Դրա հետ մեկտեղ ուշադրություն ենք դարձնում, որ օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվելն առաջվա պես չի կարող գերազանցել 24 ժամը»,-ասվում է ՌԴ-ի դեսպանության հյուպատոսական բաժնի՝ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սեուլում Ռուսաստանի դեսպանությունը այն ռուսաստանցիներին, որոնք պլանավորել են ժամանել Հարավային Կորեա, հիշեցրել է 14-օրյա կարանտին պահպանելու եւ մուտքի այցագիր ձեւակերպելու մասին՝ Հարավային Կորեայի եւ մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի միջեւ այցագրային ռեժիմի ժամանակավոր սահմանափակման պատճառով: Հարավային Կորեայում ներկայում գործում է պարտադիր 14-օրյա կարանտին այն բոլորի համար, որոնք ժամանում են երկիր:
Չնայած այն բանին, որ հիվանդացածների աճը պահվում է օրական մոտավորապես մինչեւ 100 մարդու մակարդակի վրա, հարավկորեական իշխանություններն ուժի մեջ են թողնում սոցիալական հեռավորության բավականին խիստ միջոցառումները, այնպիսիք, ինչպիսիք են՝ դիմակների պարտադիր կրումը, հանրային հաստատությունների գործելը վերահսկելը, հավաքների ու հանրահավաքների արգելքը:
Այս տարվա գարնանը Կորեայի Հանիրապետության ԱԳ նախարարությունը հաղորդել էր ապրիլի 13-ից 90 երկրների, ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանափակման մասին, երկրներ, որոնք արգելել են հարավկորեացիների մուտքը, ինչպես նաեւ բոլոր պետությունների համար կարճաժամկետ այցագրերի գործողության դադարեցումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: