«Ալիևը զոհ գնաց թուրքական գործոնին, Թուրքիայի ազդեցության տակ գնաց պատերազմի և վերջ դրեց Ադրբեջանի ինքնավարությանը». Կարեն Հովհաննիսյան
«Ադրբեջանի հասարակության կարծիքն Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական ագրեսիայի վերաբերյալ առայժմ անհասկանալի է։ Այնտեղ ինտերնետ ցանցն անջատած է և հասանելիությունը սոցիալական ցանցերում գրեթե անհնարին է դարձել։ Սակայն, դատելով որոշակի հասանելի ինֆորմացիայից, նաև նախկին փորձը, կարող եմ ասել, որ Ադրբեջանի հասարակությունը այնպես չէ, որ չի ուզում պատերազմ, հատկապես արցախ–ադրբեջանական հատվածի մասով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հասարակությունը գիտակցորեն պատերազմ է ուզում, քանի որ Ադրբեջանի իշխանությունը նրան հոգեբանորեն պատրաստել է պատերազմ ուզելուն։
«Դեռ պատերազմը չսկսած՝ նրանք հայտարարեցին հաղթանակի մասին, իսկ արդեն հաղթանակի ոգով ոգեշնչված մարդն ավելի շատ հաղթանակներ ու տարածքներ է ուզում։ Այդ հոգեբանական գործոնը հաշվի առնելով կարող եմ ասել, որ Ադրբեջանի հասարակությունն իսկապես այսօր ուզում է պատերազմ, ինչը Ադրբեջանի քաղաքականության արդյունքն է»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետը դժվարացավ ասել, թե որքան ժամանակ Ադրբեջանը կշարունակի այս ռազմական ագրեսիան, սակայն մեկ բան հստակ է, որ թշնամին փորձելու է որոշակի հաջողությունների հասնել, որովհետև իր սանձազերծած պատերազմը, ագրեսիան պետք է որոշակի չափով արդարացնի իր հասարակության մոտ.
«Անհաջողությունների դեպքում Ալիևը կունենա անփառունակ վախճան, ինչը կլինի Ադրբեջանի վերջի սկիզբը։ Այստեղ իսկապես գալու է թուրքական գործոնը, կարծում եմ՝ Ալիևը զոհ գնաց թուրքական գործոնին՝ չհասկանալով՝ Թուրքիայի ազդեցության տակ գնաց պատերազմի և վերջ դրեց Ադրբեջանի ինքնավարությանը»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում ինտերնետ անհասնելիությանը, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ այն միտումնավոր են անջատել, որպեսզի սահմանամերձ բնակավայրերից ինֆորմացիա, տեսանյութեր, լուսանկարներ բնակչությունը չտարածի, և տարածվի բացառապես պաշտոնական տեղեկատվություն։
Կարեն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Նախիջևանի կողմից հնարավոր սպառնալիքներին՝ նշելով, որ առայժմ այնտեղ ամեն ինչ հանդարտ է և դժվար է ասել, թե հաջորդ պահին ինչ կարող է լինել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը սահմանի ողջ երկանքով սկսել է լայնածավալ ռազմական գործողություն։