«Անպայման հաղթելու ենք և խաղաղությունը պարտադրելու ենք». Աստվածատուր Պետրոսյան

«Ամեն ինչ սպասելի էր դեռևս 3-4 ամիս առաջ ու խնդիրը միայն Ադրբեջանինը չէ»,- այսօր ԵԿՄ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Համաշխարհային հանրությունը նույնպես գիտեր դրա մասին, որ պատրաստվում է լայնամասշտաբ հարձակում, բայց ծրագրավորված՝ այսօր, վաղը, թե մյուս օրը, նախապայմանները դրեցին Նախիջևանի զորավարժություններից հետո և այդ զորավարժություններն իզուր չէր արված: Երեկ, առաջին օրը՝ այդ բարձր բեռնատարողության ինքնաթիռներն իզուր վայրէջք չկատարեցին Բաքվում: Իզուր չէր նաև թուրքմանների, որոնք թուրքմաններ չեն, այլ թուրքեր են կամ քրդեր, դրանց գալը, որոնց համար նշանակություն չունի, անհայրենիք ժողովուրդ են: Ի տարբերություն իրենց մեր հայրենիքի զգացողությունն այնքան է ուժեղ ու համարձակ, որ ես հավատացած եմ, ոչ միայն մեր զինվորների ու բանակի արիության վրա, այլ ամբողջ հայ ժողովրդի»,- ասաց գեներալը:

Պետրոսյանի խոսքով՝ բազմաթիվ զանգեր և նամակներ են ստանում արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից, որոնք ոչ միայն պատրաստակամություն են հայտնում վերադառնալու, այլև ուղարկելու այն ամենն ինչի անհրաժեշտությունը կա:

Գեներալի խոսքով՝ պետք է հակառակորդին խաղաղությունը պարտադրել.

«Եթե Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել, համաշխարհային հանրությունը՝ նույն երկակի ստանդարտներով, դա մենք գիտենք, դա մեզ համար նորություն չէ՝ կոչ ենք անում կողմերին դադարեցնել, կոչ արեք այն կողմին, որը սկսել է: Ուրեմն մենք սպասենք, որ Ստեփանակերտը վերանա, որ դու կոչ անե՞ս: Ժողովուրդը՝ փոքրից մեծ այպես է լծված՝ մենք անպայման հաղթելու ենք և խաղաղությունը հաղթանակած, խաղաղությունը պարտադրելու ենք իրենց: Երկրապահները վաղուց սպասում են, մահապարտները վաղուց սպասում են, ամբողջ երկիրը կարող է դուրս գալ, արագ ու ճիշտ ժամանակին մեր այն պայմանները թելադրել, որոնց մենք պատրաստ ենք ցանկացած հարձակման դեպքում»:

Տեսանյութեր

Լրահոս