«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել ու չի լինելու». ՀՀ վարչապետ
ԱԺ հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, ասաց, որ հայ ժողովուրդը պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։
«Չափազանցություն չհնչի ասել, սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և նույնիսկ գուցե ամենակարևոր հանգրվանն է։ Մենք պետք է պատասխան տանք մեկ պարզ հարցի, մենք ունենք ներուժ մեր ժողովրդի գոյությն իրավունքը պաշտպանելու, թե՝ մենք այսպիսի ներուժ չունենք։ Մենք ամուր պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Այսօր ես չեմ եկել ասելու, որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, գեներալները։ Այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես, ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողվուրդը ծնկած չի եղել ու չի լինելու, հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։ Երբ ասում ենք, որ մենք բոլորս զինվորներ ենք, ասում ենք մի բան՝ կին, թե տղամարդ, պաշտոնյան, թե գործազուրկ, ծեր, թե մանուկ, մեկ ուղերձ ունենք հղելու աշխարհին, մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Մենք մեր հայրենիքը, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Մենք պետք է հաղթենք, որովհետև պարտվելու տարբերակ չունենք»,-նշեց վարչապետ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հայ ժողվոուրդը, Հայաստանի Հանրապետությունը պետք է հավիտյան գոյություն ունենա, Արցախի Հանրապետությունը պետք է ապրի և լինի ինքնորոշված, անկախ, հպարտ, հզոր, ինչպես այսօր է, ինչպես եղել է։
«Պատրաստեք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է։ Մենք միասնական ենք, քան երբևէ և ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը և կեցցե՛ մենք ու մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում Արցախում։ Փառք հայոց բանակին, փառք հայ զինվորին»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։