«Ակնհայտ է, որ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից և միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի». Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Սփյուռքից, Ռուսաստանից հայերը հավաքվել են, որ գան Հայաստան և մասնակցեն մարտերին՝ արդյո՞ք քայլեր են ձեռնարկվում, որպեսզի նրանց կարողնանք տեղափոխել հայրենիք:
Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված կոմունիկացիոն խնդիրներ կան, բայց ամբողջ ներուժը պետք է օգտագործվի՝ այդ թվում Սփյուռքի. «Ես ուզում եմ, որ միջազգային հանրությանը կարողանանք հիմնավորել՝ ով է նախահարձակ կողմը և այս ինֆորմացիան միջազգային հանրությանը շատ հստակ պետք է տեղ հասցվի: Մենք բոլորս՝ խորհրդարանական ուժերը, արտախորհրդարանական ուժերը, հասարակական կազմակերպությունները, անհատները, Սփյուռքի կազմակերպությունները, Սփյուռքի անհատները, սոցիալական ցանցերով պետք է այս ինֆորմացիան հասցնենք տեղ:
Երկրորդը, որ քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցնում: Երրորդ ուղերձը, որ ակնհայտ է, որ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից և միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի՝ Թուրքիայի հետագա ապայունացնող գործողությունները զսպելու համար: Սա իսկապես կարևոր փորձություն է նաև մեր համահայկական ներուժի համար»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մինչ Հայաստան գալը անելիք կա հենց այս պահից:
Սոֆյա Հովսեփյանը նկատեց, որ ինֆորմացիայի տարածման առումով Սփյուռքը բավականին լավ աշխատում է և հիմա հիմնականում դրվել է Հայաստան վերադառնալու հարցը: