Դատապարտելի են Ադրբեջանի սադրիչ գործողությունները. Եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին
Եզդիներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին և դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
«Մենք եզդի ժողովուրդս մեծ ցավ ապրեցինք, երբ լսեցինք, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ իրականացնում է սադրիչ գործողություններ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ քայլերը: Նրանք ստորաբար են վարվում հայ ժողովրդի, ընդհանրապես, խաղաղ բնակչության հետ: Կոչ եմ անում առաջադեմ մարդկությանը կանգնել հայ ժողովրդի կողքին և թույլ չտալ, որ պատերազմը շարունակվի, անհրաժեշտ է շտապ կրակը դադարեցնել»,-ասաց Ազիզ Թամոյանը:
Ազիզ Թամոյանն ընդգծեց, որ ամեն դեպքում, եթե մարտական գործողությունները շարունակվեն, ապա եզդի ժողովուրդը կանգնած է հայ եղբայրների կողքին:
«Մենք պատրաստ ենք, հայտնում ենք մեր աջակցությունը: Անհրաժեշտության դեպքում մեր եղբայրների կողքին ենք, ինչպես դա արել ենք ղարաբաղյան պատերազմի, նաև տարբեր տարիներին դրան հաջորդող ռազմական գործողությունների ժամանակ: Դարեր շարունակ ինչպես ուրախ պահերին, այնպես էլ դժվար ժամանակ մենք կանգնած ենք եղել հայ ժողովրդի կողքին»,-հավելեց Ազիզ Թամոյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գործողություների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: