«Այո, մենք ունենք ինֆորմացիա, որ վերջին մի քանի օրերին տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից կամ այլ երկներից՝ կամավորականներ ասենք, թե վարձկաններ ասենք, տեղափոխվել են Ադրբեջան». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարոթյունյանը, ելնելով ստեղծված իրավիճակից, առավոտյան արտահերթ նիստ էր հրավիրել Արցախի խորհրդարանում՝ հայտարարելով ռազմական դրության և համատարած զորահավաքի մասին:
«Արդեն մի քանի օր է՝ ամբողջ Ադրբեջանի քաղաքական էլիտան տարբեր ձևաչափերով աշխարհին նախապատրաստում է պատերազմի: Ինչո՞ւ եմ նշում նախապատրաստում է, որովհետև տարբեր շեշտադրումները՝ կապված իբր Սիրիայից կամ այլ երկրներից քուրդ կամ այլ ազգի վարձկաններ կան Արցախում, այսինքն նրանք հայտարարում են՝ իբր մենք անում ենք այն, ինչ իրենք անում են:
Այո, մենք ունենք ինֆորմացիա, որ վերջին մի քանի օրերին տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից կամ այլ երկներից՝ կամավորականներ ասենք, թե վարձկաններ ասենք, տեղափոխվել են Ադրբեջան: Արդեն երկար ժամանակ է՝ Թուրքիայի բանակը գտնվում է փաստացի Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք՝ նպատակը որն է եղել:
Արդեն մի քանի օր է՝ համատարած մոբիլիզացիա են սկսել, իհարկե, ներկայացնելով կեղծ օրակարգ, որ իբր Հայաստանոը պատրաստվում է պատերազմի: Ուզում եմ հայտարարել, որ մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք: Աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում և արցախցին է ուզում: Մենք նշել ենք, որ ցանկացած պատերազմ սկսելու պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի իշխանությունը՝ ոչ միայն այսօր, այլև՝ ապագայում: Ամեն մի զոհի համար պատասխան են տալու»,-ԱԺ-ում պատգամավորների առաջ ելույթ ունենալով ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ կան զոհեր, այդ թվում՝ երեխա:
Արայիկ Հարությունյանը հորդորեց ադրբեջանական կողմին «խելքի գալ», հակառակ դեպքում տարածաշրջանի հումանիտար աղետի ողջ պատասխանատվությունը կրելու են Ալիևն ու իր սերունդները:
«Արդեն մի քանի ժամ է` կարող ենք հայտարարել լայնածավալ հրթիռակոծություն, հրետանակոծություն, օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ինչ կա-չկա համարյա՝ անօդաչու սարքեր կլինի, ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ, ինքնաթիռներ ևս առաջնագծում եղել է: Ոչ միայն հրթիռակոծել են զինվորական, նշեցի նաև՝ մենք ունենք քաղաքացիական շրջանում զոհեր, տասնյակ վիրավորներ:
Ռազմական դրության պայմաններում ես մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համատարած զորահավաք և ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել Արցախի և ՀՀ իշխանությունների շուրջը: Կոչ եմ անում սփյուռքին՝ քաղաքական ասպարեզներում, բոլոր բնագավառներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի իշխանության դեմ: Պատերազմ հայտարարել ոչ թե Ստեփանակերտում, առաջնագծում, այլև ամբողջ աշխարհով մեկ: Բայց այդ պատերազմը խաղաղ ադրբեջանցու դեմ չէ»,-ելույթում ասաց Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը կոչ արեց հայրենակիցներին խուճապի չմատնվել, սահմանափակել տեղաշարժը, տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ «արդեն ճանապարհներն էլ են վերցրել նշանառության տակ»: Հարությունյանը վստահեցրեց՝ բանակում խուճապ չկա:
«Չեն հաշվարկվել՝ արդյունքները ինչ են լինելու: Բայց պատասխան ունենալու են: Պատասխանը ստանալու են, որովհետև մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում, մենք աղոթում ենք խաղաղության համար, բայց պատրաստ ենք ամբողջ գնով, ազգով, մեր կյանքով պաշտպանել մեր հայրենիքը…
Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս՝ 17 տարեկանից սկսած մինչև վերջ: Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթելու ենք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և նորից՝ խուճապ չլինի: Ոչ մի բանի խնդիր չկա, առողջ քաղաքական աշխարհը մեզ հետ է լիւնելու: Մեզ հետ է լինելու, որովհետև դա է պահանջում մարդասիրության կանոնները, Աստծո հավատող ժողովուրդներն էլ են առաջնորդվելու այդ սկզբունքով, որովհետև մենք Աստծո առաջ արդար ենք, մենք պատերազմ չենք հրահրել, մենք երեխա չենք սպանել, մենք խաղաղ բնակչին չենք վիրավերո, խաղաղ բնակավայրերի վրա չենք կրակել»,- ելույթը եզրափակելով ասաց Արայիկ Հարությունյանը: