Կրթության ոլորտի իրավիճակի մասին
Հայաստանի կրթության ոլորտում առկա իրավիճակը շարունակում է մնալ ապակառուցողական։ Ոչ մի կերպ նախարարությանը չի հաջողվում ձևավորել այնպիսի օրակարգ, որը հնարավորություն կտա վերջապես սկսել կրթական բարեփոխումների մասին լուրջ քննարկումներ։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի կրթական համակարգի մասին լուրջ հետազոտություններ չեն արվում, և մեր բարեփոխումներն արվում են «աչքաչափով»։ Ոչ ոք չգիտի, թե ինչ են մտածում մեր ուսուցիչները, ծնողները, ինչ խնդիրներ ունեն։ Հաճախ մենք փորձում ենք Հայաստանի հայտնի դպրոցների կամ արտերկրի լավագույն փորձը ներդնել մեր դպրոցներում՝ առանց հստակ իմանալու, թե որքանով դա կաշխատի գյուղի սովորական դպրոցում։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանում իրականացվող ցանկացած կրթական բարեփոխում մեծ ռիսկեր ունի, քանի որ դրանց հիմքում չկան գիտական ուսումնասիրություններ և հիմնավորումներ։
Քանի որ մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումների հիմքում գիտական հիմնավորումներ չկան, ապա իրավիճակը կարող է մի փոքր մեղմվել, եթե լինի հանրային համերաշխություն կամ հասարակական համաձայնություն։ Բայց, ցավոք, դա էլ չունենք։ Իսկ կրթությունն էկոլոգիական երևույթ է։ Անհնար է կրթության ոլորտում որևէ լավ արդյունքի հասնել՝ առանց բարենպաստ միջավայրի։ Այդ միջավայրի բացակայությունը պետք է առաջին հերթին մտահոգի նախարարությանը, քանի որ, անկախ ամեն ինչից, նախարարությունն է իրավիճակի պատասխանատուն։ Եթե կան մարդիկ, որոնք սխալ տեղեկություններ են տարածում, աղմուկ են բարձրացնում, ապա, միևնույն է, դրանից տուժում են ոչ թե այդ մարդիկ, այլ նախարարությունը և կրթական համակարգը։ Վերջին ամիսներին նախարարությունը հսկայական ժամանակ ու էներգիա է ծախսում տարբեր բաներ հերքելու վրա։ Դա նախարարության համար նպաստավոր վիճակ չէ։ Ինչպես սահմանում է Բրանդոլինիի օրենքը. անհեթեթություններ տարածելն ավելի քիչ էներգիա է խլում, քան դրանք հերքելը։ Իհարկե, ոչ բոլոր քննադատություններն են անհեթեթություններ։ Բայց փաստ է, որ ռեակտիվ հաղորդակցական քաղաքականության արդյունքում նախարարությունն այսօր ստիպված է անընդհատ ինչ-որ բաներ հերքել։
Մինչդեռ այս ամենը կարող էր չլինել, եթե իրականացվեր պրոակտիվ հաղորդակցական քաղաքականություն։ Որևէ փաստաթուղթ հրապարակելուց առաջ նախարարությունը նախևառաջ պետք է փակ քննարկումներ անի այն խմբերի հետ, որոնց հետ կապված արմատական փոփոխություններ են նախատեսվում։ Օրինակ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հրապարակելուց առաջ, նախարարությունը պետք է քննարկումներ աներ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, հայագիտական առարկաներ դասավանդող մասնագետների հետ։ Երբ այդ մարդիկ e-draft-ից են իմանում, թե ինչ է իրենց սպասվում, ապա նրանց արձագանքը լինում է կտրուկ։ Նախարարության ղեկավարությունը պետք է կարողանա մարդկանց համոզել։ Եթե չես կարողանում համոզել, երբեք իրական փոփոխության չես հասնի։ Ճիշտ չէ ասել, որ մենք կոռումպացված, խավարամիտ մարդկանց հետ քննարկելու բան չունենք։ Իսկ ո՞վ է սահմանել, որ նախարարության ղեկավար թիմում միայն հրեշտակներ ու լուսավորիչներ են։ Բոլորս էլ անկատար ենք։ Որևէ փաստաթուղթ քննարկման ներկայացնելուց առաջ ճիշտ կլինի մամուլի ասուլիս հրավիրել և ներկայացնել տվյալ փաստաթղթի նպատակը, ուժեղ կողմերը, ռիսկերը։ Նախարարությունը պետք է կանխատեսի, թե որ կետերի համար են քննադատելու, որոնք են փաստաթղթի առավել խոցելի հարցերը։
Առկա իրավիճակի վրա ազդում է նաև այն իրողությունը, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ղեկավարներից է, ինչի արդյունքում կրթական շատ հարցեր ստանում են քաղաքական երանգավորում։ Ի դեպ, 21-րդ դարի Հայաստանի կրթության բոլոր նախարարները եղել են կուսակցությունների ղեկավար կազմի անդամներ, ինչի պատճառով կրթական համակարգն անհարկի քաղաքականացվել է։ 2001թ.-ից սկսած Հայաստանի ոչ մի նախագահ-վարչապետ կրթության ոլորտի ղեկավարումը չի վստահել շարքային կուսակցականի կամ անկուսակցականի։ Ընտրության գլխավոր չափանիշը եղել է կուսակցության ղեկավար կազմի անդամ լինելը։ Համաձայն եմ, որ կրթական շատ հարցեր ունեն քաղաքական բնույթ (օրինակ՝ ի՞նչ սովորեցնել երեխաներին, ինչպե՞ս սովորեցնել)։ Բայց կրթական հարցերը չպետք է դառնան քաղաքական բանավեճերի, իշխանություն-ընդդիմություն առճակատման կիզակետ։
Կրթության ոլորտի մարդիկ միշտ էլ կարող են համաձայնության գալ՝ հանուն երեխաների։ Կրթության ոլորտում չպետք է լինի իշխանություն և ընդդիմություն, ներկաներ և նախկիններ բաժանում։ Չենք կարող մի կողմից՝ ներառական կրթություն քարոզել, մյուս կողմից՝ խոսելու իրավունք ունեցողների ցուցակ հաստատել։ Իրականում մենք այդքան տարբեր չենք, ինչքան մտածում ենք։ Մեր օրերում սոցիալական ցանցերն ու քաղաքականությունը պառակտում ու բևեռացնում են մարդկանց։ Կրթության և մշակույթի հարցերով զբաղվող նախարարությունը պետք է փորձի համախմբել մարդկանց։ Բոլորը պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան, բայց պետք է քննարկվի բովանդակությունը, ոչ թե անձերի հարցը։ Ուզում ենք ձևավորել քննադատաբար մտածող քաղաքացիներ։ Քննադատական մտածողության կանոններից մեկն ասում է. չի կարելի պիտակավորել մարդկանց (դա կոչվում է «Ընդդեմ մարդու» սխալ)։ Եթե պիտակավորում ես մարդուն, ուրեմն բովանդակային ասելիք չունես։
Ցավալի է, որ ծավալվող քննարկումներում մասնակիցները հաճախ ծաղրում, հեգնում, դատում են իրենց ընդդիմախոսներին։ Երբևէ չես լսի այսպիսի նախադասություն. «Մենք կողմ ենք կամ դեմ ենք այս հարցին՝ գիտական այս մոտեցման կամ տեսության հիման վրա»։ Երբեմն մարդիկ իրենց համարում են կատարյալ և փորձում են նսեմացնել դիմացինին։ Նույնիսկ, եթե ձեզ համարում եք կատարյալ, հիշեք Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» հանճարեղ ստեղծագործության առաջին տողերը. «Պատանեկան տարիներին, երբ մարդը շատ ընկալունակ է, ես հորիցս մի խորհուրդ ստացա, որը տևական ժամանակ դրոշմվեց հիշողությանս մեջ. եթե երբևէ ցանկանաս դատել որևէ մեկին, հիշի՛ր, որ ոչ բոլոր մարդիկ ունեն այն առավելությունները, որոնցով օժտված ես դու»։