«Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանն աջակցել են այդ ապօրինությանը». Գնդեվազի բնակիչը՝ Ամուլսարի հանքի փակ ճանապարհների մասին
Այսօր Վայոց ձորի և Սյունիքի մարզի՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները նամակ հանձնեցին ԱԺ պատգամավորներին: Նրանք նամակում մասնավորապես նշում էին, որ ընդամենը երկու տարի առաջ իրենց համայնքներում բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի հնարավորություն կար, որն Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի չիրագործման պատճառով այլևս չկա:
Նշենք, որ Ամուլսարի ճանապարհներն արդեն 2.5 տարի փակ են, ինչը բնակիչներն ապօրինի են համարում: Ակցիայի մասնակիցներն իրենց նամակում նշում էին, որ շատ պատգամավորներ՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, աջակցում են այդ ապօրինություններին: Գորայք համայնքի բնակիչ Մխիթար Առուստամյանը լրագրողների հետ զրույցում պատգամավորների ցանկ ներկայացրեց:
«Ներկայացնեմ այն պատգամավորների ցանկը, որոնք, Ամուլսարի անունը շահարկելով, պետության մասին իբր մտածելով, փորձում են ինչ-որ քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ «Բարգավաճ Հայաստան»-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը: Այդ երեք պատգամավորները, որոնք պետք է զբաղվեին օրենսդրությամբ, զբաղվում են ուրիշ PR-ներով: Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանն ուղիղ եթերներում ներկայացնում են, թե՝ «մենք գտնվում ենք Ամուլսարի պոստերում»: Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, եթե չգիտեք, որ պոստերը գտնվում են սահմանում: Ես Անի Սամսոնյանին առաջարկել եմ, որ գնում, հանդիպում եք մի կողմի հետ, մի անգամ էլ ժողովրդի հետ հանդիպեք, գնացեք Գնդեվազ, Գորայք, Ջերմուկ, Սարավան: Պատգամավորները, բացի իրենց գործից, ամեն ինչ անում են՝ և՛ բնապահպան են, և՛ դատավոր են, և՛ ոստիկան են»,- ասաց Առուստամյանը:
Գորայքի բնակիչը պնդեց, որ Ամուլսարի պահապանները ֆինանսավորվում են ինչ-որ աղբյուրներից:
«Պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մի խումբ, որոնք ներկայանում են սարի պահապաններ, երկու տարի շարունակ ընդեղ ինչ-որ գործողություններ են իրականացնում ու չեն ֆինանսավորվում, ո՞նց են պահում իրենց ընտանիքը: Ենթադրում եմ ու տրամաբանում եմ, շատ մոտ է իրականությանը»,- ասաց Առուստամյանը:
Գնդեվազի բնակիչ Աննա Ներսիսյանն ասաց, որ Ամուլսարի ճանապարհները փակ պահողներին աջակցող պատգամավորների մեջ կան նաև իշխանության ներկայացուցիչներ:
«Իշխանական ուժից էլ կային մարդիկ, որ աջակցել են այդ ապօրինությանը՝ Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանը: Մենք իրենց էլ ենք հորդորում, որ գան, կանգնեն իրական համայնքի կողքին»,- ասաց Ներսիսյանը:
Գնդեվազի բնակիչն ասաց, որ երկար ժամանակ լռեցված է եղել Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ արտահայտվողների ձայնը, սակայն հարակից համայնքների բնակիչները զգացել են, որ իրենց խնդիրները չեն լուծվում, և որոշել են բարձրաձայնել այդ մասին:
«Մարդիկ, ովքեր կողմ են խոսել հանքի շահագործմանը, ակտիվիստների կողմից բազմիցս ենթարկվել են բռնությունների, ծեծվել են, ահաբեկվել են»,- ասաց Ներսիսյանը:
Ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բնակիչները մեծամասնություն չեն կազմում:
ԱԺ պատգամավորներին ուղղված բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի օրենսդիրներ, ձեզ դիմում են Վայոց Ձորի և Սյունիքի մարզի Ամուլսարի հանքավայրի հարակից մի քանի համայնքների բնակիչներ։
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Երկու տարի է՝ մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարավորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսևորել որպես «բնապահպան» ու «գիտնական», հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում։
Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են տարբեր պատգամավորներ աջակցում ապօրինություն իրականացնողներին։ Չէ՞ որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է պաշտպանի օրենքը։ Համայնքին աջակցելու փոխարեն, որոշ պատգամավորներ՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, երկու տարի պարբերաբար այցելում են ու քաջալերում ապօրինություն անողներին։ Իսկ քանի՞ անգամ են ԱԺ պատգամավորները այցելել իրենց աշխատանքով իրենց տունը պահելու օրինական իրավունքից զրկված այս համայնքների բնակիչներին։
Մենք պահանջում ենք օրենսդիր մարմնից կատարել նաև օրենքի պահապանի դերը և միայն քաղաքական շահերով չառաջնորդվել։ Դուք խաղում եք այս համայնքներում հազարավոր մարդկանց ճակատագրերի, այս տարածաշրջանի ապագայի, երկրի հեղինակության հետ։ Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր։ Այն վաղուց դարձել է քաղաքական խնդիր ու ոմանց համար քաղաքական էժան դիվիդենտների առիթ։ Կոչ ենք անում սթափվել և կանգնել օրենքի ու այս համայնքների ու երկրի իրական շահի կողքը»։