Բաժիններ՝

Կարծես թե իշխանությունը պայքար է մղում իր քաղաքացու և պետության դեմ. ամենածանր սոցիալ-տնտեսական իրավիճակը ևս մեկ անգամ խորացնում են

«Մաքսատուրքի հետ կապված խնդիրը վաղուց կա, և լուծում է անհրաժեշտ, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ խնդրի լուծման ամենաճիշտ ժամանակը տնտեսական այս ծանր իրավիճակն էր: Իհարկե ոչ»,- ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:

«Սա խոսում է կարևոր հանգամանքի մասին. մեր իշխանությունը խզել է կապը իրականության, ժողովրդի հետ, իսկ սա չափազանց վատ է: Եթե կառավարությունը չի հասկանում, թե ինչ խնդիրներով է ապրում իր ժողովուրդը, չի հասկանում, թե տնտեսությունն ինչպիսի ծանր իրավիճակում է գտնվում, ինքն իր հերթին՝ այդ սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի է խորացնում, այստեղ ժողովուրդը շատ լուրջ մտածելու բան ունի. կապե՞լ հույսն այդ իշխանությունների, կառավարության հետ, թե՞ ոչ: Սա առաջին դեպքը չէ: Եթե հիշեք՝ գույքահարկի հետ կապված իրավիճակը ճիշտ նույնն էր:

Որևէ մեկը չէր ժխտում, որ գույքահարկի հետ կապված խնդիրներ կան և ժամանակի ընթացքում պետք է լուծվեն, բայց խիստ անտրամաբանական էր գործընթացը սկսել հենց այս ճգնաժամային իրավիճակում: Կարծես թե իշխանությունը պայքար է մղում իր քաղաքացու և պետության դեմ: Ամենածանր սոցիալ-տնտեսական իրավիճակը ևս մեկ անգամ խորացնում են: Սա խոսում է այն բարդ իրավիճակի մասին, որն առկա է մեր կառավարությունում: Նրանք ուղղակի չեն հասկանում իրավիճակը, խզել են կապն իրողության հետ, իսկ դա սովորաբար բերում է նրան, որ կառավարությունը հեռանում է»,- նշեց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, խոշորներն էապես կրճատել են աշխատակիցների քանակը:

Խոսելով մինչև 2050 թվականը տարվող ռազմավարության մասին՝ ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին նախագահը նկատեց.

«Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է կապն իրականության հետ: Ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հասարակությունն իր այսօրվա խնդիրների մասին է մտածում՝ կառավարության կողմից ակնկալելով լուծումներ, մոտեցումներ, ներդրումներ, վարչապետը խոսում է 30 տարի հետո սպասվող իրողություններից: Դա ավելի շատ երևի գրողի, լրագրողի գործելաոճ է, քան պետության ղեկավարի: Նա պետք է ասեր՝ այս ծրագրերով այս քայլերն ենք անելու ու հետևյալ արդյունքն ենք ակնկալում: Դա կլիներ լուրջ վարչապետի կեցվածք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս