«Եթե մինչև դեկտեմբերի 2-ը պարոն Փաշինյանը գործը չբացահայտեց՝ կգնամ Հրապարակ ու իր աչքի առաջ թույն կխմեմ». Մահացած զինվորի մայր
Նախորդ տարի դեկտեմբերի 2-ին դիրքերում դեռևս չպարզված հանգամանքներում մահացած Արթուր Աջամյանի մայրը դեռ հույս ունի, որ պատկան մարմինները կբացահայտեն, թե ո՞վ և ինչո՞ւ է որդուն սպանել։ Ասում է՝ ինքնասպանության վարկածին հենց սկզբից էլ չի հավատացել, նախ՝ որդու բնավորությունը հաշվի առնելով՝ նա կյանքը շատ էր սիրում և սիրով էր մեկնել ծառայության, հետո էլ՝ դատական փորձաքննության արդյունքները տեսնելով։
168.am–ը զանգահարել էր տիկին Գոհարին՝ ճշտելու, թե Արթուրի գործի հետ կապված ի՞նչ առաջընթաց կա, նա մեզ հրավիրեց իրենց տուն՝ Մասիս, ասելով, թե առանց Արթուրի բնակարանը տեսնելու, ինչ էլ ասի՝ չենք հասկանա։
Օրերս այցելեցինք տիկին Գոհարին, մինչ զրույցը՝ նա ցույց տվեց այն փոքր սենյակը, որտեղ մեծացել է Արթուրը, այն ավելի շատ նման էր հյուղակի՝ երկու փոքր պատուհանով, որի առաստաղը տեղ-տեղ փոքր ճաքեր ուներ։
Ասում է՝ Արթուրին միայնակ է մեծացրել, նրա հետ կապելով իր բոլոր նպատակներն ու երազանքները։ Արթուր դեռ 2 տարին չէր բոլորել, որ տիկին Գոհարը նրան վերցրել ու եկել է հայրական տուն, քանի որ երկու եղբայրներն արդեն ամուսնացած են եղել ու ունեցել են իրենց ընտանիքները, նրան տան բակում մեկ փոքր սենյակ են հատկացրել, որ ապրի ու Արթուրին մեծացնի։
Փոքր սենյակում ամենամեծ տարածքը հատկացված էր Արթուրի հետ կապված՝ տիկին Գոհարի հիշողություններին, որոնք այսօր ամփոփված են որդու լուսանկարներում՝ մանկությունից մինչև ծառայություն ընկած ժամանակահատվածը։
Անձրևների ժամանակ տիկին Գոհարը որդու բոլոր լուսանկարները անկյունից անկյուն է տեղափոխում՝ անձրևի կաթոցներից պաշտպանելու համար։
Սենյակն այնքան հին ու խոնավ է, որ առնետների պակաս չի զգացվում, և, ինչպես նշեց տիկին Գոհարը՝ առավոտից երեկո տան մեջ վազվզում են։
42-ամյա Գոհար Աջամյանը պատմում է, որ Արթուրը փոքր հասակից աշխատել է, օգնել իրեն, որպեսզի երկուսով կարողանան օրվա հացը վաստակել, բանակ գնալուց էլ ասել է, թե վերադառնալուց հետո այլևս այդ փլված սենյակում չեն ապրի՝ նոր տուն կկառուցի, նաև ծառայության ընթացքում երբ զանգահարել է, նույն բանն է ասել ու հույս տվել, թե իր վերադառնալուց հետո ամեն ինչ լավ է լինելու։
«Շատ խելոք երեխա է եղել, ո՛չ ծխող, ո՛չ խմող, մեկը մի բան ասեր, թեքվում ծիծաղում էր ու իր ճանապարհը շարունակում։ Ես սպասում եմ պատասխանի, 9 ամիս է՝ որևէ մեկն իմ դուռը չի բացել, չեն էլ իմանում, թե ծնողն ինչ ապրուստով ու վշտով է ապրում։ Հիմա ես միայն պարոն Փաշինյանից խնդրում եմ, որ բացահայտի, թե ինչու է իմ որդին մահացել։ Պաշտպանության նախարարությունն իմ դուռը չի բացել, չի աջակցել, չի ասել՝ ինչո՞ւ է որդիս զոհվել։ Երեխա եմ ուղարկել ծառայության, 11 ամիս ծառայում էր, որևէ խնդիր, բողոք չի ներկայացրել։
Ես Արթուրին միայնակ եմ պահել ու մեծացրել։ Ես պետությունից ոչինչ չեմ ուզում, միայն ուզում եմ բացահայտեն, թե ով է սպանել որդուս»,- ասաց Գոհար Աջամյանը։
Ասում է՝ արդեն մի քանի անգամ երազում Արթուրին է տեսնում, նա երկնքում ճախրում է. «Երեխաս երազ է գալիս, ասում է՝ մամա, սերժանտները, աֆիցերներն են արել, ինչի՞ համար, իմ մինուճար որդին էր։ Հիմա ես միայնակ եմ, ու որքա՞ն կարող եմ իմ մեծահասակ ծնողներին խնդրել, որ ինձ օգնեն, ես ոչինչ չեմ ուզում, իմ բալին եմ ուզում՝ գտեք, բերեք։ 9 ամիս է՝ հոգեկան եմ դարձել, բալես ինձ երազում ասում է, որ հեռու չգնամ՝ սերժանտներն են արել»։
Նա նաև հիշեցրեց, որ վատառողջ վիճակում Մասիս քաղաքից հասել է Երևան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու համար, սակայն վերջինս իր հետ ոչ միայն չի հանդիպել, այլև զանգերին չի պատասխանել։
«Անդրանիկ Քոչարյանը եկավ, տղամարդու ձեռք տվեց, ասաց՝ Գոհար ջան, կբացահայտենք, չարեց, բա ո՞նց է լինում, որ հասարակ գողությունն արագ բացահայտում են։ Եթե մինչև դեկտեմբերի 2-ը՝ Արթուրի մահվան 1-ին տարելիցը, պարոն Փաշինյանը գործը չբացահայտեց՝ կգնամ Հրապարակ, իր աչքի առաջ թույն կխմեմ, թող պատասխանն ինքը տա։ Որդի կորցնելը դժվար է, կյանքս հիմա դարձել է հողին հավասար»,- նշեց Գոհար Աջամյանը։
83-ամյա Թամար տատը, որ երկար տարիներ նրանց հարևանն է, տեղեկանալով, որ տիկին Գոհարը հյուրեր ունի և Արթուրի մասին պետք է պատմի, շտապել էր նրանց տուն։ Ասում է՝ ամեն օր է տեսնում, թե Արթուրի մայրն ինչպես է տառապում, նույնիսկ մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հաջողվել է կանխել։
«Արթուրի մասին կարճ ասեմ՝ «միրումը» նման երեխա չի եղել, օրական Գոհարի հետ խոսել ենք Արթուրի հետ, ես՝ իրենց տանը, ինքը՝ մեր տանը։ Մինչև դեկտեմբերի 1-ն էլ Արթուրի հետ խոսել ենք, իսկ ամսի 2-ին տելեվիզորը հայտնեց, որ Աջամյանը չկա։ Եկա ասի՝ աղջի Գոհար, երեխուց ի՞նչ կա, ասեց, թե՝ խաբար չենք իմանում։ Մի զուլումով էս աղջկան պահել ենք, մինչև բոլորը հավաքվել են»,- ասաց Թամար տատը։
Արթուր Աջամյանի հարազատ տատը տեսախցիկի մոտ չցանկացավ խոսել՝ ասելով, որ չի կարող առանց արցունքի խոսել, որովհետև Արթուրն իր համար ոչ թե թոռ էր, այլ որդի, որին թևերի վրա պահելով է մեծացրել։
Մեր զրույցի ավարտին տիկին Գոհարը մեկ անգամ ևս դիմելով վարչապետին՝ կոչ արեց բացահայտել որդու մահվան բոլոր հանգամանքները.
«Պարոն Փաշինյան, ես Ձեզ խնդրում եմ՝ իմ հարցի լուծումը տվեք, մինչև դեկտեմբերի 2-ին իմ տղու սպանողին բացահայտեք, գտնեք ու բերեք։ Նույնը խնդրում եմ Պաշտպանության նախարարությունից, Դավիթ Տոնոյանից, Դուք չեք կարող իմ երեխային հետ բերեք, բայց գոնե ես իմանամ՝ ով է սպանել»։
Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում