Բարկությունն այն մեղքն է, որ ամեն անգամ զրկում է մարդուն առողջ դատողությունից
Բարկությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Բարկանալ նշանակում է նզովել, զրպարտել, քրթմնջալ և այլն: Բարկությունն այն մեղքն է, որ ամեն անգամ զրկում է մարդուն առողջ դատողությունից: «Բարկացած մարդը չի ճանաչում ճշմարտությունը»,- գրում է Մանդակունին, ուստի պետք է զգուշանալ, քանի որ բարկությամբ մարդ կորցնում է Աստծո պատկերը։
Այս մեղքի տարատեսակներն են համարում ցասումը, կատաղությունը, վիրավորելը, հարվածելը, վեճեր ստեղծելը, հակառակելը, բազում տրտունջներն ու բողոքները, հայհոյանքը և այլն:
Պողոս առաքյալն իր Գաղատացիներին ուղղված թղթում բարկությունը դասում է մի շարք մարդկային գործերի`շնության, պոռնկության, անբարոյության, կռապաշտության, կախարդության, թշնամության, կռվի, նախանձի, երկպառակության, հակառակության, բաժանումների, չարակամության, սպանության, հարբեցողության և նման մեղքերի շարքին: Հետո էլ նախազգուշացնում է, որ այսպիսի բաներ անողները չեն ժառանգելու Աստծու արքայությունը (Գաղատացիներ 5.19-22):
Կարևոր է հասկանալ, որ բարկությունը մարդկային հոգու զորություն է, և այն մեղք է, թե արդարացի, կախված է՝ ինչի է ուղղված մեր բարկությունը: Եթե այն ուղղված է մարդուն ոչնչացնելուն, մեղք է: Իսկ եթե այն ուղղված է անարդարության, չարիքի, մեղքի դեմ, արդարացված է:
Արդարացի բարկության օրինակ Աստվածաշնչից էլ կարող ենք հիշել, երբ Քրիստոս բարկացավ և տաճարից դուրս հանեց առևտրականներին: Բարկություն, որ սրբության պահպանման համար էր: Մի օրինակ, որով մեզանից յուրաքանչյուրն այսօր էլ համակվելու և կյանքի կոչելու խնդիր ունի:
Պատահում է, որ բարկանում ենք անտեղի, անիմաստ`մոռանալով պահի և հետագայի հետևանքների մասին: Քրիստոս «Լեռան քարոզում» ասում է. «Լսե՞լ եք, թե ինչ ասվեց նախնիներին.«Մի սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թե` ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, և ով որ իր եղբորն ասի ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին» (Մատթեոս 5.21-23):
Բարկության հակադիր առաքինությունն է հեզությունը: «Սովորեցե՛ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ,-ասում է Տերը,- և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք» (Մատթեոս 11.29): Հեզությունը մի առաքինություն է և հարստություն, որն ունեցողին Հիսուս երանի տվեց`ասելով, որ նրանք երկիրը պիտի ժառանգեն (Մատթեոս 5.5):