«Հակառակորդի քայլերից, հայտարարություններից և գործողությունների տրամաբանությունից կարելի է ենթադրել՝ աշնանային սրացումների փուլ է լինելու». Վիտալի Մանգասարյան

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հերթական անգամ  հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ՝ ՀՀ-ին մեղադրելով  «մասշտաբային պրովոկացիաների» պլանավորման մեջ։

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ Հասանովի այս մտքերը տեղավորվում են վերջին օրերի ադրբեջանական տեղեկատվական հարձակման տրամաբանության մեջ, որտեղ փորձ է արվում մեզ  մեղադրել, թե իբր Մերձավոր Արևելքից զինյալների ահաբեկչական խմբեր են տեղակայվել Արցախում, որտեղ անցկացվում են համապատասխան պարապմունքներ և պատրաստվում  հնարավոր մարտական գործողություններին:

«Այսօրինակ քայլերով Ադրբեջանը պարարտ հող է նախապատրաստում հետագա ռազմական գործողություններ սկսելու համար։ Հաշվի առնելով նաև վերջին շրջանում Ապշերոնյան թերակղզուց հնչող տարբեր մերձիշխանական գործիչների հայտարարությունները և այս թեմայով կանխատեսումները, հնարավոր է, որ այդ օրն այնքան էլ հեռու չէ։ Այսինքն, հակառակորդի քայլերից, հայտարարություններից և գործողությունների տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ առնվազն աշնանային սրացումների փուլ է լինելու։

Ադրբեջանի կողմից հաջորդ քայլը, մեծ հավանականությամբ, կարող է լինել մեր կողմից խաղաղ բնակչության վրա հարձակում գործելու մասին կեղծ ինֆորմացիայի տարածումը, ինչը,  իրենց կարծիքով,  թույլ կտա հակաահաբեկչական օպերացիա սկսել մեր դեմ։

Ստեղծված իրավիճակում պետք է համախմբել և մոբիլիզացնել անհրաժեշտ ուժերը թե՛ առաջնագծում, թե՛ դիվանագիտական, և թե՛ քարոզչական ճակատներում։ Վերջին  շրջանում թուրք-ադրբեջանական մեդիա պլատֆորմի ստեղծումը, տեղեկատվական պատերազմներում, հնարավոր է՝ մեզ համար խնդիրներ առաջացնեն ապագայում, այդ իսկ պատճառով առավել քան կարևոր է քարոզչական ճակատում ևս  ուժերի մոբիլիզացիան, որ էլ ավելի արդյունավետ կարողանանք դիմակայել այդ մեդիա տանդեմին»,- շարունակեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական սադրանքների ուղղությանը և բնույթին, Վիտալի Մանգասարյանն ասաց, որ հարվածի հիմնական ուղղությունը, բնականաբար, մնում է անփոփոխ՝ Արցախն է, սակայն այդ աշնանային փուլում և՛ Տավուշում, և՛ նախիջևանյան թևում  հնարավոր են սրացումներ՝ դիպուկահարների ակտիվացմամբ, տարբեր հրետանային միջոցների, հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ:

Տեսանյութեր

Լրահոս