Այն, ինչ կատարվում է Բուսաբանության ինստիտուտում, սարսափելի է. Գիտաշխատողն ահազանգում է
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Կարգաբանության բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանի նկատմամբ աշխատավայրում հոգեբանական ճնշումները չեն դադարում:
«2006 թվականից աշխատում եմ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտում, աշխատանքային տարիների ընթացքում կոլեկտիվի հետ կոնֆլիկտներ չեմ ունեցել, տիրել է նորմալ աշխատանքային մթնոլորտ: 2018 թվականի տարեվերջյան հաշվետու ժողովի ժամանակ ասել եմ, որ շենքերն ունեն վերանորոգման կարիք, մանրահատակն ամբողջությամբ պոկված է: Այդ օրվանից սկսվեցին հալածանքներն իմ նկատմամբ: Այսինքն՝ ես ի՞նչ իրավունք ունեի այդ մասին բարձրաձայնել: 2019 թ. փետրվարին հին տնօրենը դարձավ ինստիտուտի գիտական ղեկավար, տնօրեն դարձավ Անահիտ Ղուկասյանը: Հալածանքները հասան գագաթնակետին։ Նամակով դիմեցի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ տեղեկացնելով ինստիտուտում և բուսաբանական այգում ապօրինությունների մասին, այն է՝ ավելորդ հաստիքներ պահելը, ապօրինի գործուղումները, մուտքավճարների յուրացումը, և խնդրեցի աուդիտ անցկացնել: Դիմումիս հաջորդեց կոլեկտիվի ժողով, որտեղ վրաս բղավում էին, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշն էլ «ստուկաչ» անվանեց ու ասաց, որ ես իր համար գոյություն չունեմ»,- մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր Մերինե Սարգսյանը՝ հավելելով, որ միջադեպից մի քանի օր անց Գ․ Ֆայվուշը վարկաբեկող նամակ է գրել իր մասին, իբր թե հարձակվում է մարդկանց վրա, պետք է կոլեկտիվից առանձնացնել։
Այս անգամ խնդիրը կապված է «Թախտաջյանիա» գիտական ամսագրի 6-րդ համարի համար հոդվածներ ընդունելու հետ: Այն այժմ էլեկտրոնային տարբերակով լույս է տեսնում «Հայկական Բուսաբանության ընկերության» կողմից:
«Այսօր պատահաբար պարզում եմ, որ ամռան ընթացքում հավաքվել են հոդվածներ, և դրա մասին ինձ չեն զգուշացրել, և ոչ էլ հայտարարություն է եղել: Կներեք, եթե գոյություն ունի վերջնաժամկետ, և այն ավարտվել է սեպտեմբերի 15-ին, ինչպես ինձ հայտնեցին խմբագրական կոլեգիայի անդամներից, ուրեմն եղել է կոնկրետ որոշում, կոնկրետ ժամանակացույցով, և դրա մասին իմացել են այլ աշխատակիցներ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով գիտաշխատողները տանից են աշխատել, մեկ-մեկ են գնացել ինստիտուտ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ որոշ մարդկանց ասել են վերջնաժամկետի մասին, իսկ ինձ ոչ հավաքի սկզբի, ոչ էլ վերջնաժամկետի մասին տեղյակ չեն պահել:
Տարիներ շարունակ պատին հայտարարություն է կպցվել, մի հարյուր անգամ ասվել, հիշեցվել, դա երկար գործընթաց է: Այս տարի ում ուզել՝ ասել են, գոնե մի անգամ ասեին՝ հավաքում են: Եթե կա վերջնաժամկետ, ուրեմն սկիզբն էլ է ասվել: Ամսագրի խմբագրական կոլեգիան ու պատասխանատու քարտուղարը պարտավոր էին տեղյակ պահել, որ սկսվում է հոդվածների հանձնումը: Այն, ինչ կատարվում է Բուսաբանության ինստիտուտում՝ սարսափելի է: Ուզում էին ամբողջ կոլեկտիվին իմ դեմ հանել, բայց մարդիկ կան, որ ասել են՝ նրա դեմ ոչինչ չենք անի ու ասի, հիմա այսպես են ուզում հալածել: Մտածված են ինձ վատություն անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերինե Սարգսյանը՝ հայտնելով, որ այս հարցով դիմել է ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ նախարարին:
Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի հետ կապ հաստատել չստացվեց, փոխարենը՝ զանգերին պատասխանեց փոխտնօրեն Սահակ Վարդանյանը, ով ամսագրում տեղադրվող հոդվածների վերաբերյալ հարցին չպատասխանեց՝ հայտնելով, որ զբաղվում է միայն այգու կառավարման հարցերով:
«Գիտական հարցերով ընդհանրապես չեմ զբաղվում ի պաշտոնե: Այդ հարցերով տնօրեն կա, ինչպես նաև՝ ինստիտուտի գիտական ղեկավար»,- նշեց Սահակ Վարդանյանը:
Հարցին՝ արդյո՞ք իրենց գործընկերոջ հետ հարաբերությունները սրվել են նրա այն խոսքերից հետո, որ շենքերն ունեն վերանորոգման կարիք, պետք է աուդիտ անցկացնել, և այլն, Ս.Վարդանյանն արձագանքեց. «Ես իր հետ կապված ոչ մի խնդիր չունեմ»:
Զանգերին պատասխանեցին նաև գիտքարտուղարությունում: Հարցին, թե ո՞ւմ հետ ենք խոսում, պատասխանեցին. «Գիտքարտուղարը տեղում չէ, ուրիշն է խոսում»:
Այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե ուրիշն ո՞վ էր, ու ո՞վ էր, ի վերջո, պատասխանել մեր հարցերին: