«Որևէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը. ես տխրել եմ». Մխիթար Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ Արսեն Ջուլֆալակյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև բացահայտ տարաձայնություններ չեն եղել:
«Կարծում եմ՝ պարոն Ջուլֆալակյանը և իմ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ինչ ասել են, ավելացնելու այլ բան չունեմ: Կան բազմաթիվ քննարկումներ, բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ մենք ունենում ենք զրույցներ գործադիրի մեր գործընկերների հետ, և մեր վեճը բացառապես գաղափարական է: Այս իմաստով, կարծում եմ, որ մեր հայրենակիցների տասնամյակներ շարունակ ունեցած երազանքներն ի կատար են ածվել: Կա առողջ համագործակցություն խորհրդարանի և Կառավարության միջև: Ասում եմ՝ պարոն Ջուլֆալակյանն ամեն ինչ ասել է, ինքս այս պահին ինձ իրավունք չէի վերապահի ասելու ավելին, քան պարոն Ջուլֆալակյանն ասել է: Հույս ունեմ, որ այդ որոշումը կփոխվի, կարծում եմ՝ Ա. Ջուլֆալակյանի հեռացումն օրենսդիր գործունեությունից վնասում է թե՛ ոլորտին, թե՛ մեր հանձնաժողովին: Նա եղել ու մնում է ոլորտի լավագույններից մեկը, փայլուն պատգամավոր, որը 1,5 տարիների ընթացքում դա ապացուցել է: Ըստ իս, որևէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը»,- շեշտեց Մխիթար Հայրապետյանը:
Նա հույս հայտնեց, որ խնդիրները կկարգավորվեն, և Ջուլֆալակյանը կփոխի իր որոշումը: «Ես իրեն հորդորել եմ վերանայել իր որոշումը: Կրկնում եմ՝ սա որևէ մեկի շահերից չի բխում, այդ կապակցությամբ ես տխրել եմ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում https://168.am/2020/09/09/1364184.html գրել էր, որ դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար: «Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,- գրել էր Ա. Ջուլֆալակյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում