Բաժիններ՝

Ազգային ժողովի այգում կայացավ բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն Բեյրութի

Համերգից գոյացած ողջ հասույթը՝ 10,500,000 ՀՀ դրամը, կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կուղղվի Բեյրութում պայթյունի հետևանքով վնասված հայկական մշակութային կենտրոնների վերականգնմանը:

Բեյրութի աղետալի պայթյունից ընդամենը ժամեր անց ՀԲԸՄ-ն անհապաղ հանգանակության կոչ տարածեց ամբողջ աշխարհում՝ արագացնելու Բեյրութին հասցվելիք աջակցությունը: ՀԲԸՄ-ն հայտնվեց աղետի շրջաններում՝ շաբաթվա յոթ օրերին շուրջօրյա ռեժիմով մարդասիրական օգնություն հասցնելու լիբանանահայությանն ու լիբանանյան համայնքի լայն շրջանակներին: Ստեղծվեց Աղետների արձագանքման կենտրոն և հանրային թեժ գիծ՝ համակարգելու և իրականացնելու սննդեղենի, դեղորայքի բաժանման, ապաստարանների ապահովման, տների, բնակավայրերի ստուգման, վնասների ու կարիքների գնահատման և վերանորոգման, առաջին բուժօգնության ու հոգեբանական խորհրդատվության ծառայությունների մատուցման աշխատանքները:

Մինչ օրս ողջ աշխարհից չի դադարում նվիրատվությունների առատ հոսքը ՀԲԸՄ-ի Լիբանանահայերի աջակցության հիմնադրամին, որն այս պահին հատել է 4,200,000 ԱՄՆ դոլարի շեմը:

Աղետի ուժգնությունը և դրա հետևանքների վերացմանն ուղղված ՀԲԸՄ-ի կոչը անմասն չթողեց հայ մշակութային հասարակությանը: Համավարակի պատճառով գրեթե հինգ ամիս դադարից հետո, սեպտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած մեծամասշտաբ մշակութային իրադարձության՝ հաջակցություն Բեյրութի կազմակերպված Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարման շրջանակներում, Հայաստանում հանգանակվել է ավելի քան 10,500,000 ՀՀ դրամ: Խոշոր նվիրատուների շարքում են «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 5,000,000 ՀՀ դրամ նվիրատվությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ 1,000,000 ՀՀ դրամ նվիրատվությամբ: Մնացած 4,500,000 ՀՀ դրամը գոյացել է համերգի տոմսերի վաճառքից, որն ևս նվիրաբերվելու է ՀԲԸՄ-ին: ՀԲԸՄ-ն կկրկնապատկի բոլոր նվիրատվություններն ու կուղղի Բեյրությում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերանորոգման աշխատանքներին:

«ՀԲԸՄ-ի և անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ կատարել են իրենց նվիրատվությունները ՀԲԸՄ-ի Լիբանանահայերի աջակցության հիմնադրամին: Առանձնահատուկ շնորհակալ ենք «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրենների խորհրդին և ղեկավար կազմին, և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, խորհրդի անդամ Սոս և Արման Սահակյաններին, առատաձեռն նվիրատվությունների համար», ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյան:

Բարեգործական համերգն իր ներկայությամբ պատվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համերգին ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստի ու մշակույթի գործիչներ:

Համերգն իրականացվեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) աջակցությամբ:

ՀԲԸՄ-ի Լիբանանահայերի աջակցության հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել ի թիվս այլ կարիքների՝ սննդեղենի, դեղորայքի ապահովման, բնակարանների և հաստատությունների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նվիրատվություն կատարել ՀԲԸՄ-ի Լիբանանահայության աջակցության հիմնադրամին, կարող են այցելել հետևյալ հղումով՝ agbugiving.org/Lebanon:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս