Երվանդ Խունդկարյանը՝ իշխանությունների հետ պայմանավորվածության և ՍԴ նախագահ դառնալու խոսակցությունների մասին

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը պաշտոնապես հերքում է այն խոսակցությունները, որ իր թեկնածությունն առաջադրելու հետ կապված՝ իշխանությունների հետ եղել է  պայմանավորվածություն առ այն, որ կհամաձայնի՝ առաջադրեն իր թեկնածությունը միայն այն ժամանակ, երբ կընտրեն ՍԴ նախագահ:

«Տեսեք՝ թեկնածուն պետք է անցնի դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ տեղի է ունենում փակ քվեարկություն, որից հետո թեկնածուին ներկայացնում են ԱԺ-ին, և ՍԴ նախագահը, ըստ գործող օրենքի՝ ընտրվում է ՍԴ դատավորների կողմից: Տեսեք՝ քանի փուլ կա, արդյո՞ք այս պայմաններում որևէ պայմանավորվածություն կարող է աշխատել, թե՞ ոչ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ նման քննարկում տեղի չի ունեցել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երվանդ Խունդկարյանը:

Անդրադառնալով իր թեկնածության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ կապված իր գործունեության հետ, Երվանդ Խունդկարյանը նշեց, որ յուրաքանչյուր նման գործընթաց անցնելուց պետք է լրացնի բարեվարքության հետ կապված թերթիկ, որն իր կողմից իրականացվել է և ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը ես որևէ կերպ ծանոթ չեմ և չեմ էլ կարող ծանոթ լինել, քանի որ, ըստ օրենքի՝ գաղտնի է, և դա տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց: Ես կարող եմ միայն տեղեկացված լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթադրյալ կարծիքի մասին, միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում: Սակայն մամուլում հայտնված տեղեկատվությունն այնպիսին է, որ ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք հանձնաժողովի կողմից կարող էին նման վերլուծություններ լինել: Ես հանձնաժողովի կարծիքին ծանոթ չեմ»,- նշեց Ե. Խունդկարյանը:

Նա դժվարացավ ասել, թե հանձնաժողովի կարծիքն ինչպես կանդրադառնա իր ընտրության վրա, քանի որ այն միայն պատգամավորներին տրված կարծիք է, ինչը պետք է նրանց ուղղորդի:

Նրա կարծիքով, եթե պատգամավորները կգտնեն, որ այդ ամենը խոչընդոտում է ընտրությանը, ապա դա իրենց ընտրությունն է, ոչինչ չի կարող անել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Երվանդ Խունդկարյանին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս