Փաշինյանի սարսափը՝ փողոցը

Հաճախ ենք հանդիպում այնպիսի ականջահաճո արտահայտությունների, ինչպիսիք են՝ «ժողովրդավարություն», «դեմոկրատական արժեքներ», «ժողովրդական շարժում» և այլն, որոնց վերաբերյալ միանշանակ կա սուբյեկտիվ մոտեցում, կամ այլ բնորոշմամբ՝ մեկնաբանության հարց է՝ ինչն է «ժողովրդավարականը» կամ, ասենք, «ժողովրդական կառավարումը»։ Ասվածի դասական օրինակը Հայաստանում վերջին երկուսուկես տարիներին տեղի ունեցող հակապետական գործողություններն ու իշխանազավթումն  է, որը փաշինյանական փաթեթավորմամբ՝ «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» էր։ Թե իրականում ի՞նչ տեղի ունեցավ 2018-ին, և հեղափոխությո՞ւն էր այն, թե՞ պետության ներսում սահմանադրական կարգի տապալում, մեկնաբանելու հարց է և այլ քննարկման թեմա, սակայն անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի կողմից այս օրերին ընդդիմությանն ուղղված ցինիկ պահվածքի և նրանց «հակաժողովրդավարական» գործողությունները բնորոշելու մի քանի օրինակների։

Այսօր Հայաստանում բավական պայթյունավտանգ իրավիճակ է, քանի որ հանրության աստիճանաբար բևեռացումը, սոցիալական ակնհայտ ճգնաժամային վիճակը և տնտեսական կոլապսի եզրին հայտնված այս կատաստրոֆիկ դրությունը շղթայական ռեակցիա տալու բավականին ռեալ հնարավորություն ունի, ինչն իր հերթին՝ հնարավոր է՝ առաջացնի ժողովրդական հզոր պոռթկում։ Նիկոլ Փաշինյանը սրա մասին միանշանակ տեղյակ է, սակայն փորձում է դարձյալ «քաղաքական ստեր» հրամցնել հանրությանը։

Այն, որ Փաշինյանը մանիպուլյատոր է և իրական փաստերն աղավաղելու և քաղաքական սեփական սոուսով մատուցելու մեծ վարպետ` խոսվել է քանիցս և ապացուցման կարիք բնավ չունի, և այս տրամաբանությամբ առաջնորդվելով` կարող ենք ասել, որ նա բառացիորեն վախենում է ընդդիմության կողմից իրականացված ցանկացած ակցիայից, և դրա տակ հնարավոր վտանգ կանխազգալով՝ փորձում է հենց տեղում՝ բնում, խեղդել այդ գործընթացը կամ ուղղակի այնպես անել, որ դա տեղի չունենա։ Ավելին, նա այդ ամենը տապալելու համար պատրաստ է կիրառել ամեն ինչ՝ սկսած պետական միջոցների ու վարչական լծակների օգտագործումից, մինչև սեփական թերթում էժանագին ու անոնիմ խմբագրականներում արհեստական թեզեր առաջ քաշելը։ Նա հասկանում է, որ չունի աջակցություն ոչ դրսից, ոչ ներսից, իսկ, օրինակ, ընդդիմադիրների շարքերում կան ուժեր, որոնց ընդունում և ընկալում են միջազգային բոլոր հարթակներում, իսկ այդ կապերը ձևական չեն՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության և գործընկերային համագործակցության վրա։

Ակնհայտ է, որ Նիկոլն այսօր չունի հանրային լայն զանգվածների աջակցությունն ու սատարումը, որը նա ուներ 2018-ին։ Այդ էյֆորիայի նվազման մասին այսօր նա գիտի բոլորից լավ, ինչպես նաև գիտակցում է, որ մարդկանց դժվար է այլևս պահել արհեստական «մասկի-շոուներով» ու «տուշոնկա» փարթիներով՝ դրանք արդեն անցյալում են և այլևս ոչ խաղարկային։ ՀՀ գլխավոր «հեղափոխականը» խոսում է ժողովրդավարությունից ու լիբերալիզմից, սակայն իր կառավարումն ամբողջովին հիմնված է դեսպոտիզմի ու ավտորիտար արժեքների վրա։ Ասվածի վառ օրինակն իր կողմից կազմակերպված խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ նա բացահայտ քարոզում էր ուրիշ ոչ մի ուժի ձայն չտալ, հատկապես՝ ՀՀԿ-ին (ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թեթև ձեռամբ էլ ՀՀԿ-ն չհայտնվեց ԱԺ-ում)։ Երկրի ղեկավարը բացահայտ ատելություն էր քարոզում և այսօր էլ քարոզում է՝ փորձելով պահպանել սեփական աթոռը։

Փաշինյանի տապալած կառավարման վառ արտացոլումն են այն ապիկար ու անհասկանալի նշանակումները, որը նա անում է պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում, ամբողջովին ձախողած արտաքին քաղաքականությամբ և երկրում բացահայտ գործող օտարերկրյա գործակալական ցանցին «պռախոդ» տալու փաստով։ Ինչպե՞ս նա կարող է խոսել ժողովրդավարությունից, երբ անցնող երկուսուկես տարիների ընթացքում օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ երկու անգամ տապալեց երկրի սահմանադրական կարգը. Առաջինը՝ ԱԺ-ն բառացիորեն բլոկադայի ենթարկելով, մյուսը՝ դատարանները շրջափակելու և դատավորներին ներս չթողնելու միջոցառումներով։

Նիկոլը վախենում է փողոցից, որովհետև գիտակցում է, որ հանրությունն իրեն հենց փողոցով էլ հեռացնելու է, քանի որ ի վիճակի չէ լուծել մարդկանց օր օրի շատացող խնդիրները։ Նա ի վիճակի չէ իրականացնել իր խոստումները: Նրա նշանակած կադրերը ոչ միայն չեն տիրապետում իրենց իսկ ղեկավարած ոլորտի խնդիրներին, այլև ի վիճակի չեն որևէ խնդիր կարգավորել, լուծում տալ: Նա ամենալավը գիտի, որ հանրային դժգոհության ալիքը հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ հենց դրա շնորհիվ  երկրում սահմանադրական կարգ տապալեց, այդ պատճառով փորձում է կանխել հնարավոր բոլոր զանգվածային ակցիաները։

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս