«Ենթադրում եմ, որ քաղաքական որոշում է․ մոտ մեկ ամիս առաջ առաջարկել են դիմում գրել»․ Ամատունի Վիրաբյան

Ազգային արխիվի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը, փաստաբան Տիգրան Գրիգորյանը և գլխավոր հաշվապահ Վահագն Աբիսողոմոնյանն այսօր ասուլիս էին հրավիրել, որտեղ անդրադարձան Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով Ա.Վիրաբյանի՝ աշխատանքից ազատվելու մասին որոշմանը:

«Ավելի քան 19 տարի ղեկավարել եմ ՀՀ Ազգային արխիվը և երբեք չեմ մտածել, որ հավերժ ղեկավարելու եմ: Ես ինձ համար երկու օր էիր ընտրել՝ պատվով, հարգանքով Արխիվի տնօրենի պաշտոնից հեռանալու, դա կամ այս տարվա նոյեմբերի 27-ն էր, երբ լրանում էր իմ պայմանագիրը, կամ էլ հաջորդ տարվա օգոստոսի 17-ը, երբ իմ 65-ամյակը կլրանար, եթե երկարաձգեին պայմանագիրը: Սակայն, սեպտեմբերի 7-ին Արդարադատության նախարարը հրաման է արձակել, որով ինձ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի ԺԲ ենթակետով ազատել է աշխատանքից: Ենթակետը նշանակում է՝ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներն իր մեղքով սահմանված ժամկետի հետ հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել: Եթե այս տրամաբանությանը հետևենք, ապա մինչև 2019թ. աշխատած ՊՈԱԿ-ների բոլոր տնօրենները պետք է հեռացվեն, որովհետև օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ-ն վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել: 2019թ.հունվարի մեկից նոր նախատեսվել է, և մեր բյուջեն ավելացրին 20 տոկոսով, որը ստանում և հարկը փոխանցում ենք: Խնդիր առաջացավ այն ժամանակ, երբ ՊԵԿ-ից գալիս էին ստուգման, և այն ՊՈԱԿ-ը, որտեղ ստուգել են, այս խնդիրն առաջացել է ու կառաջանա այնտեղ, որտեղ այս պահին ստուգում լինի: Այս տրամաբանությամբ եթե մտածենք, ապա ՊՈԱԿ-ների բոլոր տնօրենները պետք է աշխատանքից ազատվեն, սակայն ոչ մեկը չի ազատվել, բացի ինձանից»,- մանրամասնեց Ամատունի Վիրաբյանը:

Նրա փոխանցմամբ, երբ կազմվել է այս ակտը, իրենք դիմել են Տարածքային կառավարման նախարարություն, որն իր հերթին՝ դիմել է Կառավարությանը, որն էլ բոլոր՝ ավելացված արժեքի հարկերը, շահութահարկը, որոնք չէին վճարել, մոտ 800 մլն դրամ է տվել, որ իրենց հաշվին մնացել է մոտ 5 րոպե ու փոխանցել են հարկերը: Քրեական գործ չի հարուցել, նյութեր են նախապատրաստվել, մուծումը կատարելուց հետո ամեն ինչ փակվել է:

«Սակայն խնդիրն այն է, որ վերոնշյալ օրենքի 5-րդ ենթակետում ասում է՝ սույն հոդվածի 3-րդ կետի բ, գ, ը, թ, ժ, ժբ և ժդ ենթակետերով նախատեսված դեպքերում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու, որոշումը, դատավճիռը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը: Սա կազմվել է 2018թ. օգոստոսին:

Պետք է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այն ժամանակ ինձ աշխատանքից ազատեր, բայց ընդհակառակը, դիմել է կառավարություն, որ գումարը տան, բայց 2 տարի անց հանկարծ հիշել են այս կետի մասին: Ենթադրում եմ, որ Արդարադատության նախարարությունն օրենքին ուղղակի չի տիրապետում, կամ շատ է շտապել, 3-րդ կետի ժբ-ն կարդացել է, 5-րդ կետին չեն հասել: Այսինքն, այս հրամանը հակասում է ՀՀ օրենսդրությանը»,- նշեց Ազգային արխիվի արդեն նախկին տնօրենը:

Շուրջ 17 տարի Ազգային արխիվի գլխավոր հաշվապահ Վահագն Աբիսողոմոնյանն էլ ասաց, որ Արդարադատության նախարարի հրամանի հիմքում վերահսկողության ծառայության պետ Դավիթ Գասպարյանի զեկուցագիրն է, որտեղ նշված է, որ արձանագրվել է 742 մլն դրամ հարկային պարտավորվածությունը, ինչը, սակայն, ամբողջությամբ պետության կողմից վճարվել է և մարվել:

«742 մլն դրամ հարկային պարտավորվածությունից 721 մլն դրամը վերաբերում է ԱԱՀ հարկին, որի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել, թե այդ մասով խնդիր չեն տեսնում, քանի որ բոլոր ՊՈԱԿ-ներն են այդ խնդիրն ունեցել: Սակայն 21 միլիոն 396.000 դրամ շահութահարկի պարտավորվածություն կա, որը, ըստ իրենց՝ առաջացել է պաշտոնատար անձի մեղքով: Ասեմ, որ շահութահարկն առաջացել է սուբսիդիաներին և դրամաշնորհներին վերաբերող ավելացված արժեքի դեբետային  շրջանառության ծախսագրման հետհաշվարկի միջոցով»,- ներկայացրեց հաշվապահը:

Փաստաբան Տիգրան Գրիգորյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նկատեց. «Տպավորություն է, որ կամ Ռուստամ Բադասյանը ամբողջական չի ուսումնասիրել նյութերը, կամ իրեն սխալ են զեկուցել: Իրադարձությունը տեղի է ունեցել 2018թ. կեսերին, իսկ մեզ մոտ արդեն 2020 թվականն է անցնում: Բացի այդ՝ պետք է հիշեցնեմ, որ Ազգային արխիվն այն ժամանակ գտնվում էր Տարածքային կառավարման նախարարության կազմում, շուրջ մեկ տարի է, որ ԱՆ հաշվեկշռում է, ստացվում է, որ նախարարը կարգապահական ներգործություն է իրականացնում 2 տարի առաջ կատարվածի համար, որի իրավասությունը չունի: Ստացվում է, որ այն ժամանակ պաշտոնատար անձը, ով իրավասու էր պարոն Վիրաբյանի լիազորությունները դադարեցնել՝ չի կայացրել նման որոշում, որովհետև գտել է, որ խախտում չկա: Ստացվում է, որ Արդարադատության ներկայիս նախարարը չունենալով լիազորություն՝ նախկին գործողությունների համար, ոչ իրավաչափ մեկ հրաման է կայացնում, պարոն Վիրաբյանին ազատում են աշխատանքից. սա, բնականաբար, դատական կարգով վիճարկվելու է: ԱՆ հրամանը ոչ իրավաչափ է»:

Հարցին՝ արդյո՞ք սա իր անձի դեմ էր, Վիրաբայանը պատասխանեց. «Ենթադրում եմ: Նախարարը ինձ չի ընդունել, խոսակցությունները տեղի են ունեցել իր խորհրդականների միջոցով: Ենթադրում եմ, որ քաղաքական որոշում է: Մոտ մեկ ամիս առաջ առաջարկել են դիմում գրել: Ես ասել եմ՝ 3 ամիս հետո իմ պայմանագրի ժամկետը կլրանա, և եթե դիմում գրեմ՝ ուրեմն ինչ-որ խնդիրներ ունեմ, դրա համար հրաժարվել եմ, որ մարդիկ չմտածեն՝ ինչ-որ փաստեր են իմ դիմաց դրել, ես էլ դիմում եմ գրել ու գնացել: Աշխատանքից ազատել են օրենքի մի հոդվածով, որն անհիմն է: Ես հարկեր վճարելուց չեմ խուսափել: Հաշվապահը բացատրեց՝ օրենքով նախատեսվել է հարկ, բայց բյուջեն այդ գումարը ինձ չի տվել. կամ պետք է մեր ունեցած գումարից հարկ վճարեի ու ոչ աշխատավարձ: 2019թ. հունվարի 1-ից բոլոր ՊՈԱԿ-ների համար գումար է ավելացվել, մերը՝ 20 տոկոսով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս