Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հարցազրույց չի տալու, հետևաբար՝ չի մեկնաբանելու իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը։

«Երբ մեկնաբանության անհրաժեշտություն լինի, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- ասաց Լ. Մակունցը։

Լրագրողի հարցին՝ Արսեն Ջուլֆալակյանի հետ խնդիրներ եղե՞լ են, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Խնդրում եմ, այդ թեմայով այլևս հարցեր մի տվեք։ Ուղղակի եկեք պայմանավորվենք, որ այս ամենն ավարտում ենք, միակ բանը, որը խնդրում եմ ընդունել ի գիտություն, դա պարոն Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունն է, որը նա խնդրել է ընդունել ի գիտություն։ Այս պահին որևէ ավել մեկնաբանություն անել չեմ կարող»։

Հաջորդ հարցին՝ «Իմ քայլում» Կառավարության ներկայացուցիչների հետ կապված խնդիրներ կա՞ն, այսինքն՝ Ա. Ջուլֆալակյանի տեսակետը կիսողներ կա՞ն, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ որևէ ավել մեկնաբանություն չեմ տալիս։ Ես ձեզ տեղեկացրեցի, որ այսօր հարցազրույց չեմ տալիս և ձեզ հարգելով պատասխանում եմ, որ ավել մեկնաբանություն չունեմ։ Պարոն Ջուլֆալակյանն ինչպես նպատակահարմար է գտել, այնպես էլ իրազեկել է իր մանդատը վայր դնելու որոշումը, մնացյալի հետ կապված հավելյալ մեկնաբանությունների դեպքում ձեզ անպայման կտեղեկացնենք»։

Հարցին՝ անձնական կարծիքը հայտնելու կաշկանդվածություն ունի՞,  Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ որևէ կաշկանդվածություն չունի, պարզապես այս պահին նպատակահարմար չի գտնում որևէ մեկնաբանություն տալու։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար: «Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,- գրել էր Ա. Ջուլֆալակյանը։

Տեսանյութեր

Լրահոս