Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 աշխատակից

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակի ու հաստիքացուցակի վերաբերյալ, որի նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:

Ըստ նախագծի՝  հանձնաժողովը կունենա 40 հաստիք, որոնցից 6-ը՝ հանձնաժողովի անդամների օգնականների և նախագահի օգնականների հաստիքները,  կլինեն  հայեցողական:

Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ՝ իրենց օգնականներով, Հայտարարագրերի վերլուծության վարչություն, վարույթների և իրավական ապահովման վարչություն, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն, կթրական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիտորինգի վարչություն, մեթոդական աջակցության վարչություն:

Հիշեցնենք՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերի 20-ից, իր 19-րդ հոդվածով սահմանում է, որ հանձնաժողովի «աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը՝ հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ հանձնաժողովը»:

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հավանության արժանացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր 5 թեկնածուներին՝ կառավարության ներկայացուցիչ Լիլիթ Ալեքսանյանին, «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանին, ԲՀԿ-ի թեկնածու Նարեկ Համբարձումյանին, «ԼՀԿ-ի թեկնածու Հայկուհի Հարությունյանին և ԲԴԽ-ի թեկնածու Արամայիս Փաշինյանին: Երբ թեկնածուները հանձնաժողովի նախագահ ընտրեցին Հայկուհի Հարությունյանին, Էդգար Շաթիրյանը հրաժարվեց իր պաշտոնից, ու այժմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է նախագահից և 3 անդամից:

Հավելենք նաև, որ մինչ այս պահը հանձնաժողովը գործում էր այն հաստիքներով, որոնք նախատեսված էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930