Բադասյան-Վարդապետյան հակամարտությունը հրապարակային երանգ է ստանում
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հակամարտությունը ոչ միայն չի հանգուցալուծվում, այլև գնալով հրապարակային երանգ է ստանում։
Նախօրեին իշխանական լրատվամիջոցներից մեկը Բադասյանին մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ նշելով, որ նա իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար, քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ, իսկ ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին, նշանակել տվեց գլխավոր հարկադիր կատարող:
Լրատվամիջոցը շեշտել էր, որ Մեղրյանն այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց նախարարի՝ գնդապետից ցածր կոչում ունեցող ընկերոջը նշանակվել այդ պաշտոնում։ Այսօր էլ դարձյալ իշխանական մամուլը գրեց, որ Բադասյանի հովանավորությամբ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ նշանակված Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ:
Հրապարակման մեջ շեշտվում է, որ Սրբուհի Գալյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ նոր հաստիքի նշանակվել է Բադասյանի միջամտությամբ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վարդապետյանին հունից հանում է այն փաստը, որ, թեև ինքն է Փաշինյանի իրավական հարցերով օգնականը և դե յուրե ինքն է համակարգում իրավական բլոկը, բայց Ռուստամ Բադասյանն ամեն կերպ փորձում է իր վերահսկողության տակ պահել իրավապահներին և բոլոր մարմիններում պատասխանատու պաշտոնների է նշանակում իր հովանավորյալներին։ «Պատահական չէ, որ իշխանական մամուլը թիրախավորել է Արդարադատության նախարարին և լծվել է նրա դեմ հակաքարոզչությանը։ Բադասյանի թիմում կասկածում են, որ «օպերացիան» համակարգում է անձամբ Վարդապետյանը, որի վերջնական նպատակը նախարարից ազատվելն է»,- ասաց մեր աղբյուրը:
Հիշեցնենք, որ Բադասյան-Վարդապետյան կոնֆլիկտը տևական պատմություն ունի։ Բանն այն է, որ նախարար նշանակվելուց հետո նա փոխնախարարի պաշտոնից ազատեց Աննա Վարդապետյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ անց նշանակեց նրան իր օգնական՝ տալով մեծ լիազորություններ։ Թե ում հաղթանակով կավարտվի երկու պաշտոնյաների «պատերազմը»՝ դեռ պարզ չէ, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն խնդիրներ ունի ոչ միայն՝ քաղաքական ընդդիմության կողմից օրեցօր ավելացող ճնշումների, այլև՝ հենց սեփական թիմի ներսում սկիզբ առած կուլիսային պայքարը և չդադարող խարդավանքները զսպելու առումով։