Բաժիններ՝

«Խիստ ռեժիմով հսկողությունը չի կարող տալ բավարար արդյունք, եթե տրանսպորտային շարժակազմը քիչ է»

Սեպտեմբերի 1-ից սկսած քաղաքային տրանսպորտը վերահսկելն էլ ավելի է բարդացել: Վարորդներն ու քաղաքացիներն էլ, կարծես, նպաստում են դրա գերբեռնվածությանը:

«Ես ամեն առավոտ աշխատանքի եմ շտապում, բայց նախընտրում եմ նստել այնպիսի ավտոբուս, որտեղ նստելու տեղ կա, որովհետև չեմ ուզում ո՛չ վարակվել, ո՛չ էլ վարակել ու դառնալ ինչ-որ մեկի մահվան պատճառը: Ցավում եմ, որ սոցիալական պատասխանատվություն քչերն ունեն: Նկատել եմ, որ հերիք չէ՝ գերբեռնված են ավտոբուսները, մի բան էլ վարորդներից ոմանք դիմակ չեն կրում, ծնոտներին դրած՝ մեքենան վարում են. սա իրոք ցավալի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուղևորներից Մարինե Հարությունյանը՝ չարդարացնելով այն քաղաքացիների դժգոհությունը, թե՝ «բա շտապում ենք՝ ո՞նց չնստենք»:

Քաղաքացի Անուշ Վարդանյանի կարծիքով էլ՝ պատկան մարմինները նախ պետք է տրանսպորտի քանակն ապահովեն, նոր տուգանեն քաղաքացիներին:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ամեն օր Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվում են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, սակայն խախտումները շարունակում են գրանցվել:

«Գերբեռնված բոլոր տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ  արձանագրություն, կասեցումներ են իրականացվում: Անգամ դեպք է եղել, որ նույն օրը կազմվել է արձանագրություն, սակայն 2 ժամ հետո նորից տվյալ տրանսպորտային միջոցը գերբեռնված շարունակել է սպասարկել: Պետք է շեշտեմ, որ որոշ ուղևորափոխադրողներ և ուղևորափոխադրման համակարգում աշխատող վարորդներ ցածր սոցիալական պատասխանատվություն են ցուցաբերում, բացառապես շահույթ ստանալու դիրքերից են նայում խնդրին և գերբեռնված երթևեկում են:

Փաստորեն, խիստ ռեժիմով հսկողությունը չի կարող տալ բավարար արդյունք, եթե տրանսպորտային շարժակազմը քիչ է:

Հիմա մենք հույս ունենք, որ շատ մոտ ապագայում Երևանը տրանսպորտային միջոցներով կհամալրվի և գերբեռնվածությունը կսկսի նվազել»,- ասաց Արտյուշ Գրիգորյանը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նկատեց՝ եղել են երթուղիներ, որոնք արտակարգ դրության պայմաններում հրաժարվել են սպասարկել, սակայն դրանք հիմնականում այն երթուղիներն էին, որոնք արտակարգ դրությունից առաջ արդեն ունեին խնդիրներ, ուղևորահոսքի կտրուկ նվազում:

«Այսինքն, ուղևորափոխադրող կազմակերպությունների բիզնեսը դարձել էր ոչ շահավետ, ու կարծես թե արտակարգ դրությունը նպաստեց, որ հրաժարվելու մասին վերջնական որոշում կայացնեն: Եղան հրաժարվողներ և՛ Երևանի ներքաղաքային երթուղային համակարգում, և՛ միջմարզային և ներմարզային: Չնայած ասեմ, որ մի մասը կամաց-կամաց շարունակում է  սպասարկել երթուղիները, իսկ մյուս մասը կարծես թե վերջնականապես հրաժարվել է սպասարկել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս