«Նա, ով այս ամենի պատվիրատուն է, ինձ շատ լավ է ճանաչում». Նաիրա Զոհրաբյան
Այսօր լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկն է դարձրել ԲՀԿ նախագահի ու ԲՀԿ պատգամավորների դեմ քրեական գործերի հարուցումը։ Ըստ մեր աղբյուրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմնահատակ ոչնչացնելու է ԲՀԿ-ին ու ԲՀԿ պատգամավորներին, և հաջորդ ընտրական պրոցեսում այդ կուսակցությունից բան չի մնալու:
«Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործ հարուցելուն զուգահեռ, ըստ մեր աղբյուրի, ողջ ամառ ինտենսիվ աշխատել են ԲՀԿ ոչ միայն բիզնես թևի, այլ նաև քաղաքական թևի պատգամավորների վրա նյութեր հավաքելու գործով։ Այս պահին թիրախում Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանն են, քանզի Նիկոլը հայտարարել է, որ այդ երկուսին պիտի ոչնչացնի։ Բացի սոցիալական ցանցերում Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի դեմ կեղտոտ արշավներ կազմակերպելուց, այս ընթացքում ԱԱԾ-ն ինչ-որ մարդկանց է պեղել, ովքեր ինչ-որ ցուցմունքներ են տվել, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանի մասով՝ ընտրական ինչ-ինչ գործընթացների կապակցությամբ։ Գաղտնալսել են Զոհրաբյանի հեռախոսն ու ինչ-որ զրույցի պատառիկներից գործընթաց են սկսել»,- գրել էր 168.am-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարած հանրահավաքն ավելի է սրել Նիկոլի նյարդերը, ու նա իրավապահ մարմիններին հանձնարարել է հնարավորինս արագ ԲՀԿ մի քանի պատգամավորների հանդեպ քրեական գործերն ամփոփել և ներկայացնել իրենց։
Թեմայի շուրջ 168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, որ ինքը որևէ աբսուրդի, որևէ տխմարության վրա չի զարմանում:
«Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Ավելին, քանի որ տարբեր համակարգերում, բարեբախտաբար, դեռևս կան ադեկվատ մարդիկ, իրենք մեզ, այո, փոխանցում են տեղեկատվություն, որ իմ և իմ գործընկերների վրա շատ ինտենսիվորեն գործ է «կարվում», պեղվում են ինչ-որ մարդիկ, մոնտաժվում են գաղտնալսված հեռախոսազրույցներ, և ես, իհարկե, չեմ բացառում, որ ինչ-որ պահի այդ ստի, ապատեղեկատվության, անամոթության, կեղծիքի փաթեթը տան գլխավոր դատախազի ձեռքը և ուղարկեն ԱԺ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ այս պահին ունեն տեղեկատվություն, որ ջանադրաբար աշխատում են իր և Գևորգ Պետրոսյանի ուղղությամբ:
Նա հիշեցրեց, որ իրենց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ էլ 120-ից ավելի քրեական գործեր են հարուցված, ու այդ ամենը սկսվեց հունիսի 5-ի հայտնի նիստից հետո, երբ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի հայտնի նիստում ընդամենը իր մտահոգությունն արտահայտեց երկրում ստեղծված իրավիճակի, բոլոր ոլորտներում առկա ձախողումների մասին:
«Նա, ով այս ամենի պատվիրատուն է, ինձ շատ լավ է ճանաչում ու շատ լավ գիտի, որ ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ: Ինձ կապել ընտրական կեղծիքի հետ, դա երևի թե 21-րդ դարի Գինեսի ռեկորդների գրքին ամենաարժանի աբսուրդն է, թե քանի՞ գաղտնալսում են մոնտաժել, քանի՞ մարդ են գտել, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել կամ դեռ տալու են: Բայց այդ մարդիկ շատ լավ պետք է իմանան, որ մի օր, իսկ այդ օրը վստահաբար հեռու չէ, իմ, իմ գործընկերների ու կուսակցության նախագահի դեմ բոլոր կեղծ ցուցմունքներ տվողները դատվելու են այս ողջ անբարոյական արշավի բոլոր պատասխանատուների հետ»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն ու իր գործընկերներին որևէ բանով չեն կարող վախեցնել, ու ինքը ոչ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց է վախենում, ոչ էլ կառչած է հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Ամեն րոպե ես ինքս կարող եմ լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, բայց ոչ, ես սկզբունքորեն վայր չեմ դնելու հանձնաժողովի նախագահի մանդատը: Ինձ պետք է, որ իրենք քվեարկեն նիստերի դահլիճում ու զրկեն հանձնաժողովի նախագահի լիազորություններից, որովհետև շատ մոտ է այն օրը, երբ որ ես հատ-հատ նայելու եմ առնվազն այն մի քանի պարկեշտ մարդկանց աչքերին, ովքեր ստիպված են լինելու այդ բոլոր կանխատեսելի անբարոյականություններին կողմ քվեարկել»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
«Ուզում են կալանավորեն, ինչ ուզում են՝ անեն: Նա, ով այս ամեն ինչը նախաձեռնել է, ով հրահանգ է տվել իրավապահ համակարգին կյանքի գնով մեզ մեկուսացնել, մտածելու շատ բան ունի: Շատ մանրամասներ գիտեմ՝ ո՞վ է հրահանգավորված, ի՞նչ, ինչպիսի՞ իրավիճակում են դրված մարդիկ, որ գզիրի նման գյուղեգյուղ ընկած մարդիկ են պեղում, որ մեր դեմ ցուցմունքներ տան: Այդ ամենը հրապարակայնացվելու է»,- ասաց քաղաքական գործիչը:
Նա տեղեկացրեց նաև, որ ամենօրյա ռեժիմով միջազգային կառույցներին ինքն իրազեկում է այս ամենի մասին:
«Հանկարծ թող չմտածեն, որ այս արշավներով իշխանությունները իմ, Գևորգ Պետրոսյանի կամ մեկ ուրիշ գործընկերոջ բերանները կարող են փակել, որ չխոսենք: Նրանք կարծում են, որ այս կերպ կարող են մեզ լռեցնել, ստիպել, որ չխոսենք կրթական համակարգի այս անբարո կազմաքանդման մասին, կորոնավիրուսի՝ 1000-ից ավելի մահերի, չասենք, որ դրա պատասխանատուները կանգնելու են դատարանի առաջ, չխոսենք այս տնտեսական խայտառակ վիճակի մասին: Չի լինելու: Չի ստաց-վե-լու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն ասաց նաև, որ նախապատրաստել է իր ընտանիքին, խոսել դստեր, մոր ու քույրերի հետ, զգուշացրել, որ պատրաստ լինեն ամենաանբարո բաների, ամենախուլիգան, անձնական կյանք ներխուժող տեղեկատվության, որ այս իշխանություններն անելու են, քանի որ ամեն ինչի ընդունակ մարդիկ են:
«Ասել եմ՝ պատրաստ եղեք պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն, կալանավորելուն: Իմ ընտանիքն ամեն ինչի պատրաստ է, պատրաստ եմ ես, վստահաբար՝ Գևորգը, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի մասին չեմ խոսում: Մենք կալանավորվելուց չենք վախենում: Ի տարբերություն իրենց, մենք մեր տարիների աշխատանքով քրեակատարողական հիմնարկներում էլ ենք հարգանք վայելում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր այս անբարո պատվերը կատարելու են, պետք է մի բան հիշեն, որ գալու է պատասխան տալու ժամանակը, երբ բոլորը՝ սկսած թիվ մեկ կազմակերպչից, պատասխան են տալու օրենքի առաջ:
Եվ սա, ըստ պատգամավորի, չի նշանակում, որ ինքը խոսում է հաշվեհարդարների մասին, ինչին կատեգորիկ դեմ է. ինքն անձամբ է կանգնելու նրանց ու այն մարդկանց միջև, ում ամեն օր ցավ են պատճառել, ում ընտանիք ներխուժել են:
«Կյանքը բումերանգ է»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: