«Առջևում անորոշություն է». Դավիթ Խաժակյանը՝ մետրոպոլիտենի և ճոպանուղու աշխատանքների մասին

Այսօր Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, թե ի՞նչ փուլում են մետրոպոլիտենի և ճոպանուղու աշխատանքները:

«Երբ պարոն Մեսչյանը հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից, տպավորություն  ստեղծվեց, թե իր հետ տանում է  իր բարձրաձայնած խոստումները, մինչդեռ մենք հիշում ենք, որ դրանք «Իմ քայլի» նախընտրական խոստումներն էին, և ես հիշեցնեմ, որ 2018-ի ավարտին Քաղաքապետարանը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը մտել է գործնական փուլ: Ի՞նչ փուլում են մետրոպոլիտենի նոր կայարանը, ճոպանուղու աշխատանքները, շարունակո՞ւմ եք պնդել, որ նախընտրական այդ խոստումները կկատարվեն»,- հարցրեց Խաժակյանը:

Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ Կառավարությունում քննարկումներ են եղել՝ կապված մետրոպոլիտենի նոր կայարանի հետ, համաձայնության են եկել, որ երկփուլանի մրցույթ պետք է լինի: Ե՞րբ կսկսվեն աշխատանքները. այս հարցին փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել:

«Աշխատանքները սկսված են, անկախ նրանից, թե ո՞վ կլինի քաղաքային իշխանությունում, մեր պաշտոնավարման ընթացքում ավարտին կհասցնենք, թե կիսատ կմնա, այնուամենայնիվ դրանք այն քայլերն են, որոնք իրականացվում են, ցանկացած ղեկավարի հնարավորություն կտա սկսել ոչ թե զրոյից, այլ մեկ մակարդակ ավելի բարձր»,- ասաց Սարգսյանը:

Խաժակյանը նկատեց. «Առջևում կրկին անորոշություն է»:

Տեսանյութեր

Լրահոս