«Հեղափոխությունից հետո ի՞նչն է ձեզ խանգարել, որ «արտոնյալներից» գանձեք գույքահարկը». ավագանու ԲՀԿ անդամ
Այսօր Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, հիշեցնելով, որ Կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե մարդիկ կան, որոնք ամեն բան անում են, որ չեղարկեն գույքահարկի մասին օրենքը, և, որ կան մարդիկ, որոնք գույքահարկ չեն վճարում, հարց ուղղեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանին.
«Եթե կան արտոնյալներ, ապա հեղափոխությունից հետո ի՞նչն է ձեզ խանգարել, որ ճիշտ վարչարարություն իրականացնեք, գումարը գանձեք»,- հարցրեց Մարկոս Հարությունյանը:
Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն պետ Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ չվճարողները չեն ազատվում գույքահարկից, վճարում են անգամ դատական կարգով:
«Կան չվճարողներ, բայց ես համակարծիք չեմ արտոնյալ լինելու մասով, որովհետև նրանք արտոնյալներ չեն, նրանք այն մարդիկ են, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ, ինչի մասով համայնքը իր լիազորությունների սահմանում իրականացնում է իր վարչարարությունը, այսինքն՝ իրականացնում է վարչական վարույթներ, բռնագանձման գործընթացներ, եթե պարտքերը 1 մլն-ից ավելի են, նաև սնանկացման գործընթացին է գնում: Չեն ազատվում գույքահարկից, վճարելու են տույժ-տուգանքներով»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը հիշեցրեց նաև վարչապետի գնահատականը կենտրոնի գույքահարկի մասին:
«Վարչապետը ասում է, որ կենտրոնում գույքահարկի գումարները կոպեկներ են: Համարում եք, որ կոպեկնե՞ր է, թե՞ կոպեկներ չի»,- հարցրեց Մարկոս Հարությունյանը:
Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն պետը պատասխանեց՝ բնական է, որ կենտրոնում գույքահարկն ավելի բարձր է, քան այլ վայրերում:
«Դա լինի Երևանը, թե այլ քաղաք, մի բան է, որ կենտրոնում է, ենթադրվում է, որ կենտրոնից պետք է ավելի շատ գումար հավաքագրվի, քան մնացած ռայոններից միասին վերցրած: Հանել եմ թվեր՝ հաշվարկված գույքահարկի և պլանային առաջադրանքի, կոնկրետ անշարժ գույքի մասով: Կենտրոն վարչական շրջանից գանձված գուքյահարկը փաստացի 47 տոկոսն է կազմում, բայց դա տրամաբանական է: Կադաստրային արժեքը կենտրոնում ավելի բարձր է, քան մնացած շրջաններում, բնական է, հաշվարկված հարկը պետք է ավելին լինի»,- ասաց Հարությունյանը: