«Եթե մեղադրանքները հիմնավոր լինեին, ու Մհեր Սեդրակյանն էլ ընդուներ դրանք, միանգամից նախաքննության մարմնին կխնդրեր գործը կարճել վաղեմության հիմքով, բայց նա դրան համաձայնություն չի տվել». փաստաբան

ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) այսօր հաղորդագրություն է տարածե․, որը վերաբերում էր Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

Ըստ այդմ՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- գրված էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Մհեր Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Խաչատրյանը նախ ասաց, որ տվյալ գործով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները շատ վաղուց անցել են, և տվյալ գործով եթե նույնիսկ Էրեբունու նախկին թաղապետը տեսականորեն մեղավոր ճանաչվի, ինչը իրենք գործնականորեն անհնար են համարում, միևնույն է, նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

«Քանի որ վաղեմության ժամկետներն անցել են, Մհեր Սեդրակյանը ցանկացած պահի կարող է դիմել նախաքննության մարմնին՝ խնդրելով իր նկատմամբ հարուցած քրեական գործը կարճել վաղեմության ժամկետները վաղուց անցած լինելու հիմքով: Բայց քանի որ իմ պաշտպանյալը համոզված է, և մենք նույնպես դրանում վստահ ենք, այդ պատճառով նա մինչև վերջ փորձելու է իր իրավունքները պաշտպանել: Համոզված ենք, որ, ի վերջո, արդարությունը կհաղթի»,- ասաց Ալեքսանդր Խաչատրյանը:

Վերջինս նշեց, որ քրեական գործը հարուցվել է մոտ 1.5 տարի առաջ, մեղադրանքն առաջադրվել է այսօր, և անմիջապես քննիչի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին:

«Բայց մենք կարծում ենք, որ խափանման միջոց ընտրելու կարիք ու հիմքեր ընդհանրապես չկային, որովհետև էլի եմ ասում՝ վաղեմության ժամկետները վաղուց անցած էին, և որևէ կարիք չկար անձի նկատմամբ այս գործով այդ խափանման միջոցը կիրառել»,- նկատեց փաստաբանը:

Մեր հարցին, թե ի՞նչ հաճախականությամբ է Մհեր Սեդրակյանը հրավիրվում հարցաքննության, Ալեքսանդր Խաչատրյանն ասաց, որ 1.5 տարվա ընթացքում նա հարցաքննության է հրավիրվել ընդամենը մեկ անգամ և մեկ էլ այսօր, երբ մեղադրանք առաջադրեցին:

«Ես կցանկանայի նշել նաև, որ զբոսայգին իր տեղում է, զբոսայգու տարածք չի օտարվել, այն այսօր էլ քաղաքի լավագույն զբոսայգիներից է, իսկ օտարումներն իրականացվել են օրենքին համապատասխան»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, թե փաստորեն մեղադրանքները չեն ընդունում, Ալեքսանդր Խաչատրյանն ասաց՝ իհարկե ոչ:

«Եթե մեղադրանքները հիմնավոր լինեին, ու պարոն Սեդրակյանն էլ ընդուներ դրանք, միանգամից նախաքննության մարմնին կխնդրեր գործը կարճել վաղեմության հիմքով, բայց քանի որ դրանք անհիմն են, և որևէ հանցանք չի կատարվել, նպատակահարմար չի համարվում վաղեմության հիմքով գործը կարճելուն համաձայնություն տալը: Դա նաև արժանապատվության հարց է, երբ անձին հանցանք է վերագրվում, իսկ նա հանցանք չի կատարել»,- եզրափակեց Ալեքսանդր Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս