«Ենթադրում եմ, որ քաղաքապետն է պատվիրել». ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են, որ կրճատվի աշխատակազմին հարցեր տալու ժամանակը

Երևանի ավագանին ընդունեց «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի՝ Երևանի ավագանու անդամները քաղաքապետին, քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին և Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին բանավոր հարցեր ուղղելու հնարավորություն կունենան երկու ամիսը մեկ անգամ՝ այժմյան ամիսը մեկ անգամի փոխարեն: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանին, թե ինչո՞ւ է որոշել սահմանափակել ավագանու իրավունքները:

«Ավագանու կարևոր գործառույթներից մեկը նիստերի ժամանակ հարցեր բարձրաձայնելն է, ո՞րն է տրամաբանությունը, որ ավագանու անդամն ինքն իր լիազորությունները կրճատում է, եթե այսքան ժամանակ այդ գործիքն արդյունավետ կերպով օգտագործվել է, ինչո՞ւ եք Դուք Ձեզ՝ որպես ավագանու անդամ, զրկում տարին 9 անգամ հարց ու պատասխանի հնարավորությունից, և մեզ բոլորիս պարտադրում, որ հարց ու պատասխանը տարին 4 անգամ լինի»,- ասաց Խաժակյանը:

Էդուարդ Ավետիսյանը բերեց ԱԺ-ի օրինակը, որտեղ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորներն ունեն մեկ հարցի իրավունք, իսկ ավագանին 2 հարցի իրավունք ունի իր գործադիրի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք արդեն մեր փորձից տեսել ենք, որ նիստեր ենք ունենում, որոնք տևում են մինչև 10-ը, 11-ը: Հիմա հավելյալ մեծ բաժին ենք ավելացրել՝ մտքերի փոխանակության բաժինը, որը նաև հնարավորություն է տալիս, որ բոլորը բարձրաձայնեն իրենց հարցերը, մտահոգությունները, փաստացի ստացվում է, որ ընդլայնվում է հարթակն արտահայտվելու, ուղղակի աշխատակազմի հետ հանդիպումներն են դառնում 2 ամիսը մեկ: Եթե մենք մտքերի փոխանակումը գումարեինք մեր արդեն գործող կարգավորումներին, ապա մեր նիստերը կտևեին մինչև ժամը 11-ը, 12-ը, 1-ը»,- ասաց Ավետիսյանը:

Խաժակյանը նկատեց, որ իրենք մենախոսելու հարթակներ շատ ունեն, իսկ ավագանու նիստերին գալիս են աշխատակազմին հարցեր ուղղելու:

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք՝ որպես ավագանու անդամ, երկար, շատ աշխատելու ցանկություն չունեք և գնում եք կրճատման տարբերակով»,- ավելացրեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը:

ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն էլ նշեց, որ այդ հարց ու պատասխանների շնորհիվ շատ խնդիրներ են լուծվել, ինչպիսիք է, օրինակ՝ վթարային շենքերի խնդիրը: Ավագանու անդամն այս ծրագրի տակ այլ կոնտեքստ էլ է տեսնում:

«Եկեք անկեղծ լինենք, չակերտները բաց խոսանք, դուք ուղղակի սրտնեղում եք, որ  մենք մեր հարցերը հնչեցնելուց հետո գնում ենք, իսկ դուք մնում եք, և նիստը մինչև գիշեր շարունակվում է: Ոչ մեկը ձեզ չի խնդրում, որ ձեր իշխանություններին հարցեր ուղղեք ավագանու նիստերի ժամանակ, այլ հնարավարություններ էլ են լինում, իսկ ընդդիմության համար միայն այս նիստերի ժամանակ է լինում հարցեր ուղղել»,- ասաց Հարությունյանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը տպավորություն էր ստացել, որ նախագիծը գրել-տվել են ավագանու անդամին, նա էլ կարդում է:

«Ուղղակի չեմ հասկանում՝ պատվիրատուն ո՞վ է: Մենակ նշեցիք, որ քաղաքապետի հետ եք քննարկել, ես ենթադրում եմ, որ քաղաքապետն է պատվիրել»,- ասաց Մանրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս