Եթե կորոնավիրուսը չավարտվի, մենք, միևնույն է՝ կբեմադրենք այս օպերան. Ռոբերտ Ստուրուա

Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում երեկ կայացավ գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերայի բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսի՝ Գառնիի տարածքում կայանալը պայմանավորված էր նրանով, որ 300 տարի առաջ Լոնդոնում բեմադրված օպերայի լիբրետոյի պատմական գործողությունները տեղի են ունեցել Գառնիի հեթանոսական տաճարում:

Օպերայի բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի խոսքով՝ հիանալի ծրագիր է Հենդելի աշխատանքը բեմադրել երկու հին ազգերի՝ հայերի ու վրացիների ներգրավմամբ:

«Ես իմ բնույթով ավանտյուրիստ եմ, ու ինձ ամենից շատ հիացնում է այն, որ սա կատարվում է ոչ այնքան հանգիստ ժամանակում, ու, որ մենք այստեղ հավաքված ենք, երբ ամբողջ աշխարհը հիվանդ է: Սա հիվանդություն է, որի սկզբնաղբյուրը ոչ մեկս չգիտի: Այն չի խանգարել մեզ բոլորիս հավաքվել այստեղ: Որոշներից գումար են գանձում, որոշներին տուգանում են, բայց մենք բոլորս կարծես թե չենք վախենում: Սա ժանտախտ չէ»,- իր ելույթում ասաց Ռոբերտ Ստուրուան:

«Հռադամիստ» օպերայի բեմադրման ռեժիսորի խոսքով՝ «Հռադամիստ»-ը շատ անսովոր ստեղծագործություն է, շատ բարդ, ու երբեմն թվում է, թե սա մի փոքր շփոթմունք է:

«Միշտ պատմության հետ հարաբերվելիս ինձ մոտ մի գաղափար է առաջանում, որ ամեն ինչ տեղի է ունեցել ինչ-որ շատ փոքր մարդկային կրքերից: Մարդիկ խանդում են, արյուն են թափում: Բայց ինչի՞ համար: Նրա համար, որ ինչ-որ մեկը սիրահարվում է մյուսին, որ ինչ-որ մեկը մյուսին ատում է, մեկը հիվանդանում է, ինչ-որ մեկը մահանում է ու չի ցանկանում հանձնել այդ գահը: Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում, ու ես հիմա հիշում եմ մի ոչ այնքան լավ գրողի վեպը Ֆրանսիական հեղափոխության մասին, ու նա ասում էր, թե Ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց, որովհետև Մարիա Անտուանետի շունը հիվանդացել էր: Դուք հասկանո՞ւմ եք՝ նման երևույթների բոլոր պատճառները, որ տեղի են ունենում մեր աշխարհում, բացարձակապես պարզ բաներ են:

Եվ ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ՝ Հայաստանում, երգիչների, վրաց նվագախմբի հետ: Սա դժվար գործ է: Սա պարզ ներկայացում չէ: Երաժշտությունը փայլուն երաշտություն է: Ինքս էլ բարոկ երաժշտության կողմնակից եմ, մանավանդ վերջին տարիների երաժշտության, ու հույս ունեմ, որ հիվանդությունը կավարտվի մինչև պրեմիերան: Իսկ եթե չավարտվի, մենք, միևնույն է՝ կբեմադրենք այս օպերան»,- ելույթը եզրափակեց Ռոբերտ Ստուրուան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս