«Մենք փուչիկ վաճառողին ասում ենք՝ գնա, գրանցի իրավաբանական անձ, ձեռք բեր ՀԴՄ տպող սարք». Դավիթ Խաժակյան

Այսօր Երևանի ավագանին սահմանեց մայրաքաղաքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և իրականացման թույլատրելի վայրերը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց, որ շրջիկ առևտրով զբաղվողները հիմնականում սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են, ովքեր այլ տարբերակ չունեն գումար աշխատելու:

«Մենք հիմա քննարկում ենք, օրինակ, Կենտրոնի մանկական զբոսայգում փուչիկ վաճառողի հետ կապված կանոնակարգումներ և առաջարկում ենք, որ նա որևէ իրավաբանական անձի կարգավիճակ ունենա, ենթադրենք՝ անհատ ձեռնարկատիրոջ, և ունենա ՀԴՄ սարք, որով կիրականացնի իր գործառույթները: Որքան ես առնչվել եմ այդ ոլորտի աշխատողների հետ, միշտ պատկերացրել եմ, ընկալումս այնպիսին է եղել, որ իրենք մարդիկ են, որոնք ունեն սոցիալական ծանր պայմաններ, հատկացնում են մի քանի հազար դրամ՝ ձեռք բերելու համար այդ փուչիկները, որ կարողանան դա իրացնել և դրանից գումար ստանալ: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս ենք պատկերացնում՝ այդ մարդկանցից պահանջել, որ ստանան իրավաբանական անձի կարգավիճակ, ձեռք բերեն ՀԴՄ սարք, ինչպե՞ս եք պատկերացնում սրա կանոնակարգումը»,- ասաց Խաժակյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշեց, որ օրենքով է սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների պետական գրանցում և իրավաբանական անձի կարգավիճակ ունենալու հանգամանքը:

«Այսինքն, այս նախագծով մենք փուչիկ վաճառողին ասում ենք՝ գնա, գրանցի իրավաբանական անձ, ձեռք բեր ՀԴՄ տպող սարք և քո գործառույթներն իրականացրու այդ շրջանակում»,- ասաց Խաժակյանը:

Տեսանյութեր

Լրահոս