«Մենք գնացինք մեռնելու՝ ապրելու համար, այսօր նույնպես կռիվ է ազգային արժեքների համար». Գևորգ Գևորգյանը՝ «Ազգային ճակատի» մասին

Երկրում տիրող իրավիճակի, ինքնության ու ազգային արժեքների պահպանման համար «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը միավորում է ուժերին՝ անհատներին, կազմակերպություններին։

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով կազմակերպության ծրագրերին ու գործուն քայլերին՝ նշեց, որ արդեն երկու տարի  խոսում է երկրում տիրող իրավիճակի՝ բոլոր ոլորտներում տիրող խնդիրների, մարտահրավերների մասին:

«Մեր ազգային ինքնությունը վտանգված է, 30 տարի առաջ մենք կարողացանք ազատագրել Արցախը, կարողացանք ստեղծել անկախ Հայաստան, պատվով թուրը դնել պատյանի մեջ, հաշվի առնելով, որ երկրի անվտանգությունն ապահովված է։ Բայց արի ու տես, որ այսօր մենք կրկին կանգնած ենք մի վտանգի առաջ, որ թշնամին վտանգում է ներսից, բոլորիդ էլ քաջ հայտնի է, թե բոլոր ոլորտներում ինչ է տեղի ունենում։ Պատերազմից հետո մենք մտածում էինք, որ կրկին անցնելու ենք արարելու, ստեղծագործելու, որովհետև պատերազմը, հաղթանակը նրա համար է, որ հետո ունենաս ազգային կրթություն, մշակույթ, բայց այսօր ապրում ենք այնպիսի իրականության մեջ, երբ վտանգված է ազգային անվտանգությունը»,- ասաց Գ. Գևորգյանը։

Նա հիշեցրեց, որ 90-ականներին Հայաստանում բնակվում էր մոտավորապես 3,5 մլն հայ, որից առաջնագծում էր 13,5 հազարը, որը կազմում է 3,5 մլնի 0,4 տոկոսը։ Այդքան մարդկանցով կարողացել են Արցախն ազատագրել և ստեղծել այն պետությունը, որտեղ այսօր ապրում է հայությունը։

«Ես այսօր այդ 0,4 տոկոսի ներկայացուցիչն եմ այստեղ, այն ժամանակ բոլորն աղոթում էին, որը մեզ օգնեց հաղթելու, ի՞նչ եղան այդ աղոթքները, մոռացա՞ն։ Գիտեք, մենք գնացինք մեռնելու՝ ապրելու համար, այսօր նույնպես կռիվ է, կռիվ է ազգային արժեքների, ինքնության համար։ Այսօր բոլորը խոսում են ազգայինից՝ փորձելով արժեզրկել ազգայինը՝ չհասկանալով, թե դա ինչ է նշանակում։ Ազգայինը մենք ենք, մեր տեսակն է»,- հավելեց Գևորգ Գևորգյանը։

Նա նաև շեշտեց, որ Հայաստանը ստեղծել է բանակ, որը  պետք է ունենա ամուր թիկունք, իսկ ամուր թիկունքը ժողովրդի միասնությունն է։

Գևորգ Գևորգյանի խոսքով՝ «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության շարքերն օրեցօր համալրվում են նոր անհատներով, որոնք կիսում են այն մտահոգությունները, որոնք կապված են երկրի անվտանգության, ազգային ինքնության ու արժեքների հետ։

«Մենք պայքարել ենք ու հիմա նորից պետք է պայքարենք, կարծում եմ՝ այս պայքարը լինելու է վերջին հարվածը։ Մեր ընթացիկ գործերի մասին կարող եք տեղեկանալ մեր ֆեյսբուքյան էջից և շուտով հրապարակվող պաշտոնական էջերից։ Մեր շուրջը համախմբված են մարդիկ, որոնք պատասխանատու են իրենց ոլորտի համար։ Մեր կոչը հանուն է, որ պետք է միասին լինենք, մենք երկար ժամանակ չունենք, մինչև արթանան ու հասկանան, որ ոչնչանում են, արդեն չեն լինելու, դրա համար հիմա է պետք սկսել»,- ընդգծեց «Ազգային ճակատ»-ի հիմնադիր նախագահը։
Առաջիկա ծրագրերի մասին Գևորգ Գևորգյանը մանրամասներ չներկայացրեց, միայն ասաց, որ խոսել չի սիրում, սիրում է գործել, որի արդյունքները տեսանելի կլինեն բոլորին։

Տեսանյութեր

Լրահոս