Երևանի բյուջեի ծախսերը նվազեցվեցին 233 մլն դրամով. 60 մլն-ով ավելացվեցին բյուջեի եկամուտները
Երևանի ավագանին այսօր որոշեց փոփոխություն կատարել «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշման մեջ: Համաձայն որոշման առաջին կետի՝ քաղաքի բյուջեի եկամուտների գումարն ավելացվում է ավելի քան 60 մլն դրամով, ծախսերի գումարը նվազեցվում է ավելի քան 233 մլն դրամով, իսկ դեֆիցիտի գումարը նվազեցվում է ավելի քան 293 մլն դրամով: Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը ներկայացրեց որոշմամբ նախատեսվող մյուս փոփոխությունները ևս:
«Առաջարկվում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից «Ինժգարանտ» ՍՊԸ-ին հատկացնել 25 մլն 141 հազար դրամ՝ Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով»,- ասաց Արևշատյանը:
Նա նշեց, որ առաջարկվում է նաև Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար:
Որոշման նախագծում նշվում է, որ 60 մլն դրամը նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման աշխատանքների իրականացման համար:
2019 թվականի «Ակտիվ քաղաքացի» նախագծի ամփոփման արդյունքում հաղթող ճանաչված նախագծերից երկուսի համար նախատեսվում է ավելի քան 45 մլն 937 հազար դրամ:
Նախագծով առաջարկվում է 293,400.0 hազար դրամն ուղղել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը: