Բաժիններ՝

Ինքնամեկուսացած քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ով պետք է թափի տան աղբը. ԱԱՏՄ

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը.

«Արտակարգ դրության սկզբին՝ ապրիլին, ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված զանգերի թիվը։ Իսկ արդեն մայիսին ապրիլի համեմատ թեժ գծի զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։

ԱԱՏՄ վիճակագրությունը փաստում է՝ ամեն ամիս քաղաքացիների հարցադրումներն ունեցել են որոշակի օրինաչափություն։ Մարտին առավելապես հետաքրքրվել են երկիր մուտք գործելու ընթացակարգերով, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ԱԱՏՄ աշխատանքներով՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերի արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացում եւ այլն։

Ապրիլից արդեն զգալիորեն աճել է հետաքրքրությունը պարետի սահմանած հակահամաճարակային կանոնների, դրանց խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցների, կասեցումների վերաբերյալ։ Քիչ չեն եղել զանգերը տնտեսավարողներից, որոնք, փորձելով բարեխղճորեն պահպանել կանոնները, հանգամանորեն հետաքրքրվել են դրանցով։

Սահմանված նորմերի մասին տնտեսավարողների իրազեկման բարձրացմամբ և սահմանափակումների թուլացմամբ պայմանավորված՝ հուլիսից արդեն զանգերը նվազել են։ Օգոստոսին՝ հանգստի շրջանում, դրանք մեծապես առնչվել են մարզասրահներում, հյուրանոցներում, լողավազաններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը, աղմուկին։

Պայմանավորված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ԱԱՏՄ նոր լիազորություններով` գնալով ավելի մեծ թիվ են կազմում աշխատանքային իրավունքին առնչվող բողոքներն ու հարցադրումները։

ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են յուրօրինակ զանգեր ևս․ համառ բողոք՝ ինտերնետի բացակայությունից, նեղսրտած լինելու պատճառով հոգեբանական աջակցության կարիք։ Ինքնամեկուսացած քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ով պետք է թափի տան աղբը։ Մի շրջան տեխնիկական վրիպակի պատճառով վարորդական իրավունքի ստացման բազմաթիվ հարցումներ ԱԱՏՄ-ին էին ուղղվում։ Գիշերային զանգերից մեկով էլ քաղաքացին ահազանգել է, որ փորձում են իր բնակարան ներխուժել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս