«Հայերին որպես պատանդ կարելի է դիտել այդ երկրում». թուրքագետ
Թուրք-ադրբեջանական օրեցոր խորացող համագործակցությունը, տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու թուրքական նկրտումներն ավելի նկատելի դարձան հատկապես վերջին ամիսներին, երբ թուրքական կողմը նույնիսկ պաշտոնական մակարդակով չթաքցրեց սեփական ծրագրերը:
Հիշեցնենք, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն օրեր առաջ «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում ասել էր, որ Թուրքիան նույնպես Արցախյան հակամարտության կողմ է, և դատապարտել էր Հայաստանի «հարձակողական» պահվածքը։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ այս տարածաշրջանը Թուրքիայի համար հին երազանք է.
«Թուրքիան, իհարկե, այս տարածաշրջանում վտանգավոր խաղացող է և հատկապես Էրդողանի կառավարման օրոք ավելի վտանգավոր դարձավ: Այժմ Էրողանն իր նեոօսմանիզմի քաղաքականությունն է ուզում առաջ տանել՝ չնայած, որ դա իրեն էլ է վնասում՝ թե՛ իր կրեդիտին անձնապես, թե՛ երկրի տնտեսությանը, որովհետև այդքան տարբեր տարածքների վրա «ձեռք գցելը», ինչ-որ խնդիրներ լուծելը Թուրքիայի համար էլ այդքան հեշտ չէ:
Այս տարածաշրջանը և Հայաստանը՝ հատկապես, Թուրքիայի ամենասիրելի տարածքներից է, որտեղ միշտ էլ ցանկացել է ոտք դրած լինել. այն շուրջ 100 տարվա կամ ավելի հին երազանք է Թուրքիայի համար»:
Ըստ թուրքագետի, թեև Իրանը ևս տարածաշրջանի լուրջ խաղացող է, այդուհանդերձ, Թուրքիային զսպելու դերը միայն Ռուսաստանինն է. «Եթե Ռուսաստանն այս տարածաշրջանում չլիներ, Թուրքիան վաղուց արդեն այս հարցը լուծելու հետևից էր ընկել»:
Հարցին, թե թուրք-ադրբեջանական վերջին մերձեցումներն ու թուրքական կողմի հայտարարություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել Թուրքիայում ապրող հայերի վրա, Տիրան Լոքմագյոզյանը պատասխանեց, որ նման ազդեցությունները նոր չեն.
«Միշտ էլ, եթե ինչ-որ բան պատահում է, կուժը ջարդվում է փոքրամասնությունների՝ հիմնականում հայ համայնքի գլխին, անգամ, եթե հայերի հետ կապված խնդիր չլինի (հունական համայնքն արդեն համարյա չի մնացել այնտեղ, հրեաներն էլ բավականին պակասել են, և բացի այդ էլ՝ նրանք իրենց շատ հավատարիմ ու լոյալ են պահում պետության նկատմամբ. այդ պատճառով գլխավոր թիրախը հայերն են):
Հայերին որպես պատանդ կարելի է դիտել այդ երկրում, այդ վիճակում են. միշտ զգուշացող»: