«2008-ի մարտի 1-ին ծառայության չեմ եղել». Նորայր Յոլչյանը նոր պաշտոն է ստացել

«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո  ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատված Նորայր Յոլչյանը նոր պաշտոն է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

168.am-ի հետ զրույցում Յոլչյանը հաստատեց տեղեկությունը և անգամ ասաց, թե ինչ պաշտոն է ստացել:

«Տեղեկությունները հավաստի են, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնն է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ 2018-ին իր  պաշտոնազրկումը պայմանավորված էր չարաշահումներով, մեր զրուցակիցը պնդեց. «2018-ի հուլիսի 22-ին իմ պայմանագիրը լրացել է, և երկարատև ծառայության հոդվածով ես գնացել եմ կենսաթոշակի»:

Հարցին՝ Ձեր անունը կապվում է նաև «Մարտի 1»-ի հետ, մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը հրապարակել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա հարցաքննության ձայնագրությունը, որտեղ նա խոսել էր իրային ունեցվածքի բաշխման մասին և նշել.

«Այդ ժամանակ իրային ծառայության պետը՝ գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք, իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի»:

«Ես 2008-ի մարտի 1-ին ծառայության չեմ եղել: Ես 2008-ի հունվարից մինչև օգոստոսի 14-ն ընդհանրապես ծառայության չեմ եղել. եղել եմ արձակուրդում, հետո ունեցել եմ առողջական խնդիրներ»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետը:

Տեսանյութեր

Լրահոս