«Խնդիրը «ներքին ընտանեկան» էր». նոր փոխքաղաքապետը՝ վերելակների չփոխանցված գումարների մասին

Այսօր Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են վերելակների համար փոխանցվելիք գումարները: Հիշեցնենք՝ օրեր առաջ վերելակների փոխարինմամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում և պահանջում էին իրենց աշխատանքի գումարը, որը չէին ստացել:

«Փողերը փոխանցեցի՞ք, թե՞ ոչ, որովհետև բան էինք պայմանավորվել իրար հետ»,- հարցրեց Մարկոս Հարությունյանը:

Ներսեսյանը պատասխանեց, որ ամեն բան ընթանում է՝ ըստ իրենց պայմանավորվածության:

«Դուք այնտեղ էիք, տեսաք, որ Քաղաքապետարանը ոչ մի օրենքի շեղում չի ունեցել, պայմանագրի շեղում չի ունեցել: Այստեղ խնդիրը «ներքին ընտանեկան» էր տվյալ կազմակերպությունում, աշխատանքները, իմ իմանալով, ընթանում են, այն վերելակները, որոնք տեղադրված են, ԱԻՆ-ից ստացել են շահագործման թույլտվություն»,- ասաց Ներսեսյանը:

Մարկոս Հարությունյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի ճակատագիրը:

«Հայկ Սարգսյանն ասել է, որ այդ գումարներն առկա են և պատրաստվում են Արզումանյան 10-ի և 17-ի համար նոր շենք կառուցել, արդյոք տիրապետո՞ւմ եք այդ տվյալներին և ի՞նչ գործողություններ եք պատրաստվում անել վթարային շենքերի հարցում»:

Սերգեյ Ներսեսյանն ասաց, որ դեռ տեղեկություններ չունի այդ մասին, հետևաբար՝ հարցին պատասխանել չի կարող:

Տեսանյութեր

Լրահոս