Երևանը նոր փոխքաղաքապետ ունի
Այսօր Երևանի ավագանուն առաջարկվեց հուլիսին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն նոր փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին:
Ըստ մամուլի՝ նա մինչ այս եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը:
Երևանի ավագանին ընդամենը մեկ ձեռնպահ ձայնով նշանակեց նոր փոխքաղաքապետ: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ով այսօր Հայկ Մարությանի փոխարեն վարում է նիստը, ասաց, որ ավելի վաղ էլ մի քանի անգամ շփվել է Սերգեյ Ներսեսյանի հետ և դրական տպավորություն ունի:
«Արձանագրել եմ, որ նա ունի անալիտիկ մտածողություն, փորձում է խնդիրներին լուծումներ գտնել, ոչ թե ասել, որ դրանք անլուծելի են»,- ասաց Սարգսյանը:
Նոր փոխքաղաքապետն էլ վստահեցրեց, որ իր աշխատանքով ապացուցելու է, որ թիմային աշխատանքով կարելի է լուծել յուրաքանչյուր խնդիր:
«Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասաց Ներսեսյանը: