Պուտինն անհասանելի է, չեք կարող փորձել նաև ավելի ուշ

Արդեն որերորդ շաբաթն է՝ կառավարության շենքի դիմաց, երբեմն՝ նաև այլ գերատեսչությունների առջև շարունակվում են Ռուսաստան մեկնել ցանկացող, բայց չկարողացող քաղաքացիների բողոքի ակցիաները։

Դրանց  ընթացքում արձանագրված վերջին ուշագրավ դրվագները արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ցուցարարներին ուղղված հանդիմանությունն էր, որոնց իմաստը հետևյալն է․ «մեզանից ի՞նչ եք ուզում, ռուսները սահմանը չեն բացում, գնացեք ռուսներին ներկայացրեք ձեր պահանջները»։

Իրականում այս խնդիրն ամբողջությամբ բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության պերճանքն ու թշվառությունը, ավելի ճիշտ՝ միայն թշվառությունը, քանի որ դժվար է պերճանք անվանել այն, ինչը լավագույն դեպքում կարելի է որակել՝ որպես անկարողություն։

Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվը, բողոքի ակցիաների մասնակիցների տվյալներով, հասնում է մոտ 2000-ի։ Գուցե այս տվյալը փոքր-ինչ չափազանցված է, կամ հակառակը՝ թերագնահատված։ Խնդրի էությունը, սակայն, դրանից չի փոխվում։

Իսկ դրա էությունն այն է, որ մեծ հաշվով խոսքը ընդամենը մի քանի թռիչքի, մի քանի ինքնաթիռի տարողունակության ուղևորների մասին է, խնդիր, որը ցանկության ու հնարավորության դեպքում հնարավոր էր լուծել հաշված ժամերի ընթացքում։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվեին գոնե նվազագույն գործընկերային մակարդակում, որից այդ հարաբերությունները հեռու են անդառնալիորեն։

Ավելի պատկերավոր նկարագրությամբ, Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների խնդիրը լուծելու համար բավարար էր Հայաստանի ղեկավարի ընդամենը մեկ հեռախոսազանգը ռուս գործընկերոջը՝ գումարած թռիչքների կազմակերպման համար անհրաժեշտ մի քանի տեխնիկական հարցերի լուծումը։

Բայց ողջ հարցն այն է, որ Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի նախագահին զանգահարելու հնարավորություն չունի՝ բառի ո՛չ ուղիղ, ո՛չ փոխաբերական իմաստներով։

Բավական է հիշել, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ վերջինիս ծննդյան օրվա շնորհավորանքի արարողակարգային առիթով։ Ընդունված կարգ է՝ շնորհավորել է:

Դրան հաջորդած շուրջ երեք ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները չեն հաղորդակցվել, իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկեր Լավրովի հետ խոսել է միայն ղարաբաղյան թեմայով, այն էլ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հետ շփումների ֆոնին Հայաստանի հետ ձևական պարիտետը պահպանելու նկատառումներից ելնելով։ Ավելին, Զոհրաբ Մնացականյանը պարզապես ի վիճակի չէ Լավրովի հետ նման հարցեր քննարկել՝ նաև հասկանալի պատճառներով:

Հայաստանի և Ռուսաստանի միջև բացակայում են՝ ինչպես բարձր մակարդակի ռազմավարական շփումները, այնպես էլ՝ միջգերատեսչական, օպերատիվ աշխատանքային ռեժիմի հաղորդակցությունները, ինչի պատճառով ՀՀ իշխանություններին պահանջներ ներկայացնող քաղաքացիներին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ուղարկում են․․․ Ռուսաստանի դեսպանատուն։

Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամը կամ վակուումը կրկին պատկերավոր նկարագրությամբ հասել է ընդհուպ մեկ հեռախոսազանգի հնարավորության բացակայության խնդրին։ Պուտինին զանգահարել Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է, բայց հեռախոսափողի հակառակ կողմից, ամենայն հավանականությամբ, լսելու է որևէ գայթակղիչ սլավոնուհու ձայնը՝ «բաժանորդն անհասանելի է, չեք կարող փորձել նաև ավելի ուշ»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս