Ալկոհոլի գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվել է. «Ուղեկցողները եկան, դահլիճից տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ»

Ալկոհոլի գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվել է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ա. Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյան:

Նրա համոզմամբ՝ կալանավորման որոշումը չպատճառաբանաված է եղել. «Դա ուղղակի ընդամենն արվեց սոցիալական հնչեղությունն ապահովելու համար»:

«Ուղեկցողները եկան, դահլիճից տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ»,-ամփոփեց փաստաբանը:

Նկատենք, քիչ առաջ թեմայով տեղեկություն էր տարածել նաև Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը, որը սկսվել էր սեպտեմբերի 4-ին, հետաձգվել էր. կասկածյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նրա մոտ հայտանբերվել էր նոր սկսվող թոքաբորբ, հանձնել էր կորոնավիրուսի թեստեր. պատասխանը բացասական էր:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ու հորդորել էր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն ու դիմել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հաղորդագրություն էր տարածել նաև ՍԱՏՄ-ն՝ մասնավորապես նշելով. «Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»:

Տեսանյութեր

Լրահոս