«Մահացու» ալկոհոլի գործով կասկածյալի կորոնավիրուսի երրորդ թեստի պատասխանը բացասական է. «Ինքնակամ ներկայացել է դատական նիստին»
Ալկոհոլային թունավորման գործով կասկածյալ Աշոտ Հովսեփյանի կորոնավիրուսի երրորդ թեստի պատասխանը բացասական է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Ա. Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը:
Նա հավելեց նաև, որ պաշտպանյալն այսօր մասնակցել է իր գործով կալանքի միջնորդության քննությանը. «Ինքնակամ ներկայացել է դատական նիստին»:
Գոռ Գևորգյանը քիչ առաջ ավարտված նիստից մի քանի մանրամասներ ևս հայտնեց. «Կալանքի միջնորդության քննությունն անհիմն էր: Անհիմն լինելու հանգամանքը բառացի ու տառացի հակափաստարկներով հիմնավորել եմ: Շատ ծանր անցավ ու երկար տևեց: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակի այսօր՝ ժամը 17:00-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ալկոհոլային թունավորման գործով կասկածյալ Աշոտ Հովսեփյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն. հայտնաբերվել է սկսվող թոքաբորբ:
Հիշեցնենք, «Մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը, որը սկսվել էր սեպտեմբերի 4-ին, հետաձգվել էր. կասկածյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց:
Հայտնել էինք նաև, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը: Նա ձերբակալված է։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ու հորդորել էր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն ու դիմել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Աշոտ Հովսեփյանը ձերբակալված է: Հաղորդագրություն էր տարածել նաև ՍԱՏՄ-ն՝ մասնավորապես նշելով. «Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»: