«Մի՛ արհամարհեք սեփական հպարտ ժողովրդին». ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Այսօր առավոտից բողոքի ակցիաներ իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կառավարական առանձնատան  մոտ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իսկ այն պահին, երբ քաղաքացիները  կառավարական առանձնատան մոտ ակցիա էին իրականացնում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Տավուշի մարզում էր: Նա մի քանի ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում հանրությանը տեղեկացրել և տեսանյութ էր տեղադրել, որ  այցելում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ. «Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար»։

Բայց առանձնատան մոտ հավաքված քաղաքացիները, հավանաբար, տեղյակ չէին, որ վարչապետը բացակայում է Երևանից, նրան դիմելով՝ ասում էին.

«Հարգելի վարչապետ, խնդրում եմ, դուրս եկեք և լսեք ժողովրդի պահանջը, խնդրանքը, 10 րոպեով: Մի՛ արհամարհեք սեփական հպարտ ժողովրդին: Խնդրում ենք, դուրս եկեք և պատասխանեք մեր հարցերին: Պատասխանեք հպարտ ժողովրդի հարցերին: Խնդրում ենք բանակցել և բացել Ռուսաստանի հետ ճանապարհները, մեր պահանջն արդար է»:

Հիշեցնենք, որ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան 2 շաբաթ: Նրանք պնդում են, որ այնտեղ թողել են իրենց ընտանիքները, աշխատանքը: Այս ընթացքում ցուցարարները հանդիպել են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ: Նրանք պնդում են, որ հարցը Հայաստանի տիրույթում չէ, իրենք թույլ են տալիս գնալ, Ռուսաստանը թույլ չի տալիս իր երկիր մուտք գործել:

Տեսանյութեր

Լրահոս